Լ. Անանյան. «Մենք պետք է կարողանանք մայրենին անաղարտ պահել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2010 16:05

«Ամպրոպ կապույտ երկնքից»,- այսպես բնորոշեց օտարալեզու դպրոցների բացման հարցը Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ինքներս ստեղծում ենք պրոբլեմ եւ սկսում ենք լուծել, երբ մեր երկրում առանց այդ էլ շատ են պրոբլեմները. այդպիսի պրոբլեմ է օտարալեզու դպրոցներ բացելու նախագիծը»,-ասաց Լ. Անանյանը նշելով, որ նախագիծը պետք է չընդունվի եւ վերադարձվի կառավարություն, քանի որ լեզուն հայկական ինքնության հիմքերից է:

«Մայրենին առանց այդ էլ աղճատվում ու խեղաթյուրվում է, մենք պետք է կարողանանք մայրենին անաղարտ պահել»,-նշեց բանախոսը շեշտելով, որ հայկական դպրոցում էլ կարող են օտար լեզու սովորել: «Եթե մենք 7-8 տարվա ընթացքում չենք կարողանում օտար լեզուները դարձնել շրջանավարտի սեփականությունը, ապա մեր կրթական համակարգը խոցելի է»,- ասաց Լ. Անանյանը նշելով, որ նախագծի ընդունումը կարող է նշանակել հայկականության խաթարում: Բանախոսը որպես օրինակ շեշտեց 60-80-ական թվականները, երբ էլիտար էին համարվում օտարալեզու դպրոցները եւ մայրենին մղվել էր երկրորդ պլան:

Անդրադառնալով գրքի նկատմամբ նոր սերնդի վերաբերմունքին Գրողների միության նախագահը նշեց, որ թեեւ գրքի նկատմամբ բարոյահոգեբանական վերաբերմունքը շատ էր փոխվել, բայց այժմ նոր սերնդի մոտ ավելի լավ մոտեցում ու սեր է տեսնում գրքի եւ գրականության նկատմամբ: Բանախոսը շեշտեց նաեւ, որ արդի գրականությունը պետք է մտնի դասագրքեր:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply