Զրպարտությունը և վիրավորանքն այլևս քրեորեն հետապնդելի արարքներ չեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 18, 2010 15:33

Ազգային ժողովը մայիսի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քաղաքացիական, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քաղաքական կոալիացիայի հեղինակած օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, զրպարտությունն ու վիրավորանքն այլևս քրեորեն հետապնդելի արարքներ չեն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով ամրագրվում է նոր մաս, որով սահմանվում են պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգն ու պայմանները: Վիրավորանքի համար դատարանը կարող է սահմանել միանվագ փոխհատուցման վճար`նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի (1մլն դրամ) չափով, զրպարտության համար`մինչև 2000-ապատիկի (2մլն դրամ) չափով: Գումարի չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնելու կոնկրետ գործի առանձնահատկությունները:

Համապատասխանաբար ուժը կորցված են ճանաչվում Քրեական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանող հոդվածները, ինչպես նաև այդ հոդվածներին վերաբերող Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները:

Առաջին ընթերցումից հետո կատարված լրացման համաձայն, քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո: Մեկ այլ լրացմամբ, եթե անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմել դատարան`տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:

Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ ՙհրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակշռող հանրային շահով՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1768 անգամ:
Print Friendly

Leave a Reply