Ալիեւը Հայաստանին մեղադրում է ժամանակ ձգձգելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2010 14:17

Թուրքիայի վարչապետին Բաքվում դիմավորել են պատվո պահակախմբով, 17-ը մայիսի, 2010թ.

Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ սահմանը, եթե Հայաստանը համաձայնի ընդունել Մինսկի խմբի համանախագահների առաջարկած պլանը, երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Եթե Հայաստանը դրական պատասխանի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին եւ սկսի հայկական զորքերի դուրսբերումը ադրբեջանական տարածքներից, ապա Ադրբեջանը կբացի բոլոր սահմանները ու հաղորդակցության ուղիները», – ասել է Ալիեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում։

Ադրբեջանի նախագահի խոսքերով` միայն դրանից հետո է հնարավոր հաստատել համընդհանուր խաղաղություն եւ ապահովել անվտանգություն։

Ալիեւի հավաստմամբ, Ադրբեջանը համաձայն է նորացված Մադրիդյան սկզբունքներին` մի քանի բացառություններվ հանդերձ, եւ ակնկալում է, որ հայկական կողմը եւս կանի նույնը։

«Նոր առաջարկները արվել են վեց ամիս առաջ, բայց մինչեւ հիմա Հայաստանը դրական պատասխան չի տվել։ Մենք տեսնում ենք, որ դա ժամանակ ձգելու փորձ է, քանի որ նրանք չեն կատարում կարեւոր քայլեր խնդիրը լուծելու համար եւ բանակցությունները դարձնում են հավերժական գործընթաց», – հայտարարել է նա` պնդելով, թե խաղաղ գործընթացի առանցքային պահերին Հայաստանը միշտ խափանել է բանակցությունները։

«Եթե Հայաստանը դրական պատասխանի, կողմերը կմոտենան խնդրի լուծմանը, եթե ոչ՝ բանակցային գործընթացը կտապալվի», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ինչ վերաբերում է Ադրբեջան – Թուրքիա համագործակցությանը, ապա Բաքվում անցկացված բանակցությունների արդյունքում ավարտին է հասցվում գազի մատակարարման հետ կապված հարցերի լուծումը։ Այդուամենայնիվ, այս հարցում Բաքվում պայմանագիր չի ստորագրվել, եւ Էրդողանը ասել է, թե պայմանագիրը կստորագրվի Ալիեւի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում. նախատեսվում է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա կայցելի այս տարվա հունիսին։

Բաքվում նաեւ որոշվել է Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ստեղծել ռազմավարական համագործակցության խորհուրդ։ Էրդողանի փոխանցմամբ` բարձր մակարդակով ստեղծվելիք այդ կառույցը ընդգրկելու է բոլոր որոլրտները եւ շատ կարեւոր քայլ է դառնալու Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության հեռանկարների առումով։

Երկուշաբթի օրը Բաքվում բացվել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանը։ Արձանի բացումը կատարել են Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները, նրանց կանայք նույնպես մասնակցել են միջոցառմանը, ծաղիկներ են դրել, լուսանկարվել։

Ավարտելով այցը Ադրբեջան` Ռեջեփ Էրդողանը Բաքվից մեկնել է Բաթումի։ Նրան դիմավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Բաթումիում բացվում է թուրքական ընկերության կառուցած «Շերաթոն Բաթումի» հյուրանոցը, արարողությունից հետո նախատեսվում են Թուրքիայի ու Վրաստանի ղեկավարների բանակցությունները։

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply