Հայկական մշակույթը կներկայացվի Իտալիայի Սիենա քաղաքում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 18, 2010 13:46
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, “Դուչի հիմնադրամի” տնօրեն Պաոլո Դուչիին և հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Մարիո Ավալիանոյին, ովքեր նաև ճանաչողական շրջայց են կատարում` մոտիկից ծանոթանալու Հայաստանի մշակութային ժառանգությանն ու ժամանակակից արվեստին:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Իտալիայի Սիենա քաղաքում “Դուչի” հիմնադրամի կողմից Հայաստանի մշակույթին նվիրված` “Հանդիպումներ եվրոպական մշակույթի հետ. Հայաստան”նախագծի իրականացման խնդիրներին: Հիմնադրամի առաքելություններից մեկը` նման խորագրի ներքո յուրաքանչյուր անգամ որևէ երկիր ներկայացնելն է և ս. թ. աշնանը ՀՀ մշակույթի նախարարության և հիմնադրամի ջանքերով Սիենայում կներկայացվի հայկական մշակույթը` կատարողական արվեստը, կերպարվեստը:
Նախարար Հասմիկ Պողոսյանը “Դուչի”հիմնադրամի տնօրենին առաջարկեց ծրագրին առավել հանգամանալից անդրադառնալու և այն ամբողջացնելու նպատակով` ճանաչողական այցի ավարտին կրկին անգամ աշխատանքային քննարկում անցկացնել, ինչին Պաոլո Դուչին սիրով համաձայնեց: Հանդիպման ավարտին կողմերը հայտնեցին այն համոզմունքը, որ Հայաստանի մշակույթին նվիրված Սիենայի նախագիծը անպայմանորեն կունենա շարունակականություն և հայ-իտալական մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում կլինի լավագույն ներդրումներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
