Վանաձորում 24 մարդ հիվանդանոցում է սննդային տոքսիկաինֆեկցիա ախտորոշմամբ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2010 11:36

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել աղիքային վարակի երևույթներով հիվանդներ` սննդային տոքսիկաինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը մեկնել է Վանաձոր և տեղի մասնագետների հետ համաճարակաբանական հետազոտություններ իրականացրել: Ներկայումս Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված  սննդային տոքսիկաինֆեկցիա ախտորոշմամբ հիվանդների թիվը 24 է:

Հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու, ինչպես նաև վարակի փոխանցման գործոնը պարզաբանելու նպատակով հիվանդների կողմից համաճարակաբանական վերհուշում նշված բոլոր սննդատեսակների նկատմամբ սահմանվել է հսկողություն` ինչպես իրացման, այնպես էլ արտադրության վայրերում: Իրականացվել են  կասկածելի սննդատեսակների նմուշառում` ձու, էկլեր, խմելու ջուր, և սննդի արտադրության աշխատակիցների և հոսպիտալացված հիվանդների մանրէաբանական հետազոտություններ:
Հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել միամոմենտ: Բոլոր հիվանդները նշում են միանման հիվանդության սկիզբ` սրտխառնոց, բազմակի փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում` մինչև 38-39օC, որն ուղեկցվել է դողով և սարսուռով, ինչը բնորոշ է սննդային տոքսիկաինֆեկցիային, մասնավորապես` սալմոնելոզին, որն էլ հաստատվել է հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշներում մանրէաբանական հետազոտության արդյունքում  սալմոնելա  էնտերիտիտիսի հայտնաբերմամբ:

Ներկա պահին, ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,  հոսպիտալացված հիվանդների վիճակը կայուն է, համաճարակաբանական և բուժական աշխատանքներն առողջապահության նախարարության անմիջական հսկողության տակ են գտնվում:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply