Իլհամ Ալիև. «Մենք թույլ չենք տա Հայաստանին անվերջ բանակցություններ վարել»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2010 23:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին:

Ինչպես հաղորդում է «CNN Turk»-ը, այն հարցին, թե արդյոք կբացվեն երկու երկրների միջև սահմանները, եթե Հայաստանն ընդունի նորացված Մադրիդյան առաջարկները, Ալիևը պատասխանել է, որ Ադրբեջանը 1994 թվականին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո մինչ օրս` անարդյունավետ բանակցությունների 16 տարիների ընթացքում, հանդիսացել է հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցող կողմ: Նա հայտարարել է, որ աննշան բացառություններով Ադրբեջանն ընդունել է Մադրիդյան առաջարկները և սպասում է Հայաստանից նույն քայլը:

Նշելով, որ չնայած վատնված 6 ամիսներին (սկսած մադրիդյան փաստաթղթի պաշտոնական առաջադրման պահից) Հայաստանը դեռևս դրական պատասխան չի տվել, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանն այդ կերպ փորձում է անվերջ ձգձգել բանակցությունները, ապա հայտարարել, որ Ադրբեջանը դա թույլ չի տա:

«Բանակցությունները պետք է կրեն որոշակի շրջանակներ և ժամանակային սահմանափակումներ: Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին: Բանակցությունները շարունակվում են գրեթե 20 տարի: Երբ կողմերը բանակցությունների գործընթացում մոտենում են լուծման ուղուն, հայկական կողմը միշտ խախտում է գործընթացը: Ցավոք, այդօրինակ դիրքորոշում կա և այսօր: Կամ Հայաստանը դրական պատասխան կտա Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, և մենք կմոտենանք հակամարտության լուծմանը, կամ էլ գործընթացը կտապալվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր փուլ կսկսվի: Եթե Հայաստանը դրական պատասխան տա առաջարկին և դուրս բերի իր զորքերը օկուպացված ադրբեջանական հողերից, Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ սահմանը, և տարածաշրջանում խաղաղությունը կվերահաստատվի, անվտանգության միջոցներ կձեռնարկվեն»:

Դիտվել է 2741 անգամ:
Print Friendly

Leave a Reply