ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 17, 2010 21:42

Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, երկու երկրների դեսպանները:

Ողջունելով Չեխիայի վարչապետին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաջին պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև համագործակցությանը եվրոպական կառույցներում: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և ակտիվորեն մասնակցում են դրա իրականացմանը: Նա կարևորեց նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև:

Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը նշեց, որ Հայաստանն ու Չեխիան պետք է անեն առավելագույնը` հնարավորությունների ներուժը օգտագործելու համար: Նա մասնավորապես որպես համագործակցության ասպարեզ նշեց մշակույթի, կրթության, զբոսաշրջության ոլորտները: Չեխիայի վարչապետը արձանագրեց, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի առանցքային մասնակիցներից է:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևոր համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը. անցած տարիների ընթացքում միջխորհրդարանական ակտիվ շփումներ են եղել երկու երկրների խորհրդարանների միջև: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում չեխական կողմի անկողմնակալ դիրքորոշման համար, նշելով, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են հարցի խաղաղ լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա վերստին նշեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Հայաստանի համար կարևոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը:

Չեխիայի վարչապետը ևս նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և հայտնեց, որ ԼՂ հարցում Չեխիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց Չեխիայի վարչապետին հայ-չեխական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ գործադրած ջանքերի, մասնավորապես ուսանողական կրթաթոշակային տեղերը վերականգնելու և Չեխիայի բուհերում հայ ուսանողներին ուսումնառության հնարավորություն տալու համար: Ուսանողների կրթաթոշակի հարցը հանձնաժողովի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ բարձրացրել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ մարտին կայացած հանդիպման ժամանակ£

ՀՀ Աժ նախագահն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսությանը, նշելով, որ այս տարի ցուցանիշները բարելավելու հնարավորություններ կան: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական տվյալներն ավելի բարվոք կլինեին, եթե երկիրը չգտնվեր շրջափակման մեջ: Փ աստելով, որ Եվրոպան հռչակել է Արևելյան գործընկերության ծրագիր, նա անընդունելի համարեց, որ եվրոպական ընտանիք ձգտող Թուրքիան շրջափակել է այդ ծրագրի անդամ երկիրը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply