ԱԺ-ի որոշ պատգամավորներ կառավարության նիստերի դահլիճի պայմանների հետ կապված բողոքներ ունեն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2010 20:13
Մայիսի 17-ին մեկնարկեցին Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի նախավերջին հերթական քառօրյա նիստերը: ԱԺ–ի նիստերի դահլիճի վերակառուցման պատճառով այսուհետ խորհրդարանի նիստերը ժամանակավորապես անցկացվելու են կառավարության նիստերի դահլիճում, ուր 1990-1993թ.թ.-ին իր նիստերն էր գումարում նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը` Գերագույն խորհուրդը, մինչև ԱԺ–ին հատկացված ներկայիս շենք տեղափոխվելը:
Այս փոփոխությունը որոշակի անհարմարություններ է ստեղծել ներկայիս գումարման խորհրդարանի պատգամավորների համար, որոնք զրկված են իրենց սովորական աշխատանքային պայմաններից, այդ թվում աշխատասենյակներից օգտվելու հնարավորությունից: Սակայն ՙՀՀԿ՚ խմբակցության անկուսակցական պատգամավորներ Գագիկ Աբրահամյանի և Վոլոդյա Բադալյանի համար, ովքեր եղել են նաև Գերագույն խորհրդի անդամներ, 17 տարուց հետո կառավարության նիստերի դահլիճ վերադարձը շատ լավ զգացողությունններ և հետաքրքիր հիշողություններ է առաջացնում: Ըստ Վ.Բադալյանի, կառավարության նիստերի շենքն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում. այն իր մեջ արթնացրել է առաջին անգամ քաղաքական դաշտ մտնելու հետ կապված հիշողություններ:
Գ.Աբրահամյանի համար ևս այս դահլիճի հետ կապված հիշողությունները շատ են. առաջին անգամ անկախ Հայաստանի խորհրդարանի նախագահի ընտրություն, Անկախության հռչակագրի ընդունում, Անկախության հանրաքվեի հաստատում և այլն:
ՙԱյն տարիներին, հատկապես ձմռանը, երբ ցուրտ էր դահլիճում և համարյա չկային պայմաններ, մարդկանց մեջ կար ջերմություն, խանդավառություն, բայց այժմ միջանցքում և դահլիճում զգացի, որ որոշ պատգամավորներ պայմանների վատ լինելու հետ կապված բողոքներ ունեն: Կարծում եմ, գուցե դա ժամանակների տարբերությունն է, բայց նաև այն էնտուզիազմը, որ այն ժամանակ կար, այն ցանկությունը, հաղթանակները, հռչակագրերը, ամեն ինչը, որ արվում էր այն ժամանակ, այլ էր՚,-ասաց ԳԽ–ի նախկին պատգամավոր, ներկայումս` ԱԺ–ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
