Փորձագետը կանխատեսում է` մսի գինը չի իջնի
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Աննա Մուրադյան | May 17, 2010 17:12
Հանրապետությունում անցած տարվա դեկտեմբերից մսի գինը սկսեց աստիճանաբար թանկանալ, ոչխարի միսը` կրկնակիից ավելի` 1500-ից հասնելով մինչև 4000-ի, իսկ տավարի միսը` միջինը 500 դրամով:
-Գառլախ միս տամ, քուր ջան, ամենագառլախը,- հրավիրում է ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառ Արմանը` տնտղելով մսի կոկիկ շարած կտորները:
Մսավաճառների լեզվով` գառլախը լավ միսն է, անոսկոր փափուկ միսը, որն ամենաթանկն է: Գառլախ են ասում ֆիլեն, որի գինը 3000-3500 դրամ է, կամ սուկին (մեջքի փափկամիս)` 4000 դրամ: Տավարի այլ մասերի փափկամիսն այսօր վաճառվում է 2600 դրամով, իսկ ոսկրոտը` 2000 դրամով:
28-ամյա Արման Կիրակոսյանն այստեղ 8 տարի է` միս է վաճառում: Նա ասում է, որ անցած տարվա դեկտեմբերից պայմանագիր է կնքել իրանցու հետ` պարտավորվելով օրական 50-80 կգ տավարի միս մատակարարել նրան: «Եթե հնարավորություն ունենայի, ավելի շատ կտայի: Նրանց ինչքան տաս` կուզեն,- ասում է Արմանը,- ստեղի մսավաճառների մոտ 70 տոկոսը պայմանագիր ունի, ու բոլորն էլ մեծ քանակով միս են ծախում պարսիկներին»:
Եզդի Ազիզը, որ ոչխարի առևտրով է զբաղվում, ասում է, որ ամեն տարի էլ Իրան ոչխար էր արտահանվում, սակայն քիչ քանակով` 10.000 – 15.000 գլուխ: Գյուղնախարարության տվյալների համաձայն` 2009 թ. Հայաստանից արտահանվել է 141 հազար գլուխ, որից 117-ն աճեցվել են Հայաստանում, 24 հազարը ներմուծվել են Վրաստանից և տեղափոխվել Իրան: Ըստ Ազիզի հաշվարկների` արտահանվել է մոտ 200 000 գլուխ:
Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն «Անկախին» ասաց, որ ինչքան էլ որոշ ուժեր ցանկացան դա վերագրել տարբեր գործարար մարդկանց, իրականում արտահանում են իրանցիները: «Գյուղնախարարությունը պարտավոր էր հասկանալ շուկայի պահանջարկը, կարողանալ գնահատել ու վերահսկել արտահանման քանակը: Սակայն ինչպե՞ս վերահսկել, երբ այսօր ՀՀ-ում անասնագլխաքանակի հաշվառում չի իրականացվում: Սա մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ բացերից է: Հայաստանում հաշվառում չի կատարվում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, և եթե հաշվառում չի կատարվում, ինչպե՞ս կարող ես իմանալ, թե ինչքան էգ, ինչքան արու կա, էլ չեմ ասում` ինչպե՞ս կարող ես պարզել, թե քանի մայրացու է վաճառվել,-ասում է նա:- Մեր գնահատմամբ` կատարվածը հանցագործություն է, որովհետև դա հարվածում է ազգային անվտանգությանը: Նախկինում 1500-1700 դրամով վաճառվող ոչխարի միսն այսօր մեր ազգաբնակչությունը գնում է կրկնակիից ավելի գնով: Բացի այդ, բանակը մսով ապահովելու հարց կա: Մենք շատ զգույշ պետք է մոտենանք արտահանմանը` հաշվի առնելով ներքին շուկայի պահանջարկը»:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը տարեսկզբին հայտարարել է, որ մարտ-ապրիլ ամիսներին ոչխարի մսի գինը կնվազի: ,Հիմա գառան միսը թանկ է, որովհետև մեզ մոտ ոչխարի հիմնական ծինը տեղի է ունենում դեկտեմբերի վերջին, հունվար-փետրվար-մարտ ամիսներին, ոչխարը ապրանքային տեսք է ունենում 2-3 ամսական ժամանակ,- ասել է նա,- ես ավելի քան համոզված եմ, որ գառան մսի գինը մայիսին կիջնի: Չի կարող պատահել, որ գառան միսը մայիսից մնա նույն գնի, որովհետև առաջարկը շատ է լինելու: Իսկ ԻԻՀ-ին այդ ամիսներին երբեք ոչխար, գառ չեն վաճառի, որովհետև նրանք գերադասում են գնել 40 կգ-ից բարձր ոչխար, իսկ մեր գառները 40 կգ-ից բարձր քաշի հասնում են 8-9 ամիս հետո»:
Շուկայում այժմ գառան միս վաճառվում է մի 3-4 տեղ, գինը տատանվում է 3500-4000 դրամի սահմաններում: Ոչխարի մսի սպառումը տարեկան կտրվածքով կազմում է ամբողջ մսի սպառման 15-18%-ը: «Չնայած մեր դատարկագլուխ պետական այրերը կոկորդները պատռելով խոստացել էին, թե ոչխարի մսի գինը կիջնի, ցավոք, չիջավ»,- ասում է Բերբերյանը: Ըստ նրա` կասկածներ կան, որ այսօր Երևանի սուպերմարկետներում հայկական գառան մսի անվան տակ վաճառվում է Վրաստանից ներմուծված ոչխարի միս: «Քանի որ վրացական ոչխարն իր արտաքին չափերով ավելի փոքր է հայկականից, նրանց ոչխարը մեր գառան չափի է,- ասում է Բերբերյանը,- իսկ ոչխարի միսը, բոլորս գիտենք, գառի մսից էժան է: Այսինքն` այնտեղ մոտ 1500 դրամով գնված ոչխարի միսը մեզ մոտ վաճառվում է 4000 դրամով»:
Եթե նախկինում մոտ 15 կգ մաքուր միս տվող գառն արժեր 20- 25 հազար դրամ, ապա հիմա արժի 45-50 հազար: Նույն գառը, ըստ եզդիների, Իրանում եռակի թանկ արժի. 40 հազար դրամանոցը` մոտ 120 հազար: «Հիմի ամսվա մեջ կարող է մի քանի հատ գառ ծախվել, իսկ առաջ օր էր լինում, որ 5-10 հատ միանգամից էինք ծախում,- ասում է Ազիզը,- հիմա մատաղի համար սկսել են շատ աքլոր տանել»:
Ազիզն ասում է, որ ինքնաթիռով ոչխար են տանում նաև Դուբայ, որտեղ այն մոտ 500 դոլար արժի: Ըստ Բերբերյանի` Դուբայ միշտ էլ արտահանել են, բայց ոչ այնքան մեծ քանակությամբ, որ ազդեր հոտի ընդհանուր քանակի վրա:
Պարզվում է, որ իրանցիները գնելիս շոշափում էին գառների մեջքը: «Եթե մեջքը ոսկորոտ ա, ուրեմն լավը չի,- ասում է Ազիզը,- նրանք տանում էին դմակավորները, որովհետև նրանց մոտ անդմակ սորտն ա: Իսկ անդմակ ոչխարի միսը ոնց որ խոզի միսը` առանց սալի: Էդ յուղն ա համ ու հոտ տալիս»:
Բերբերյանի խոսքով` իրանցիներն իրենց հետ բերել են մասնագետներ, որոնք ընտրում են ամենաորակյալ ոչխարները: «Պարսկական և հայկական ոչխարները համարյա ցեղակիցներ են և արտաքին չափերով էլ մոտ են իրար,- ասում է նա,- բայց մեր ոչխարի միսն, անշուշտ, համային-որակական հատկանիշներով անհամեմատ լավն է պարսկականից, որովհետև արոտի ու ջրի խնդիր կա, հատկապես ջրի: Մեզ մոտ էլ տարբերություն կա, ասենք, Արարատյան դաշտավայրի կամ ալպիական մարգագետնի խոտը արածող ոչխարների միջև»: Ոչխարը շոգի սովոր կենդանի չէ: Ոչխարի միսը համեղ է, եթե արածում է սարերում ու սառնորակ ջուր է խմում: «Հայկական հողի մեջ սնունդ կա,- ասում է Ազիզի ոչխարը վաճառող Արմանն ու ավելացնում,- տո՛, հայկական ամեն ինչն ա լավը, հո մենակ ոչխարը չի՞»:
Այսօր ոչխարի գլխաքանակի հարցը բավական սուր է, քանի որ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիների ասելով` Իրան է արտահանվել ոչխարի հոտի մայրական կազմի մոտ 50 տոկոսը: «Միայն Զովունիում 30 հազար գլխաքանակից մնացել է 3.000-ը, այսիքն` մնացել է 10 տոկոսը»,- հայտարարել է Թամոյանը: «Եթե 50 տոկոսն է մնացել, նշանակում է` 215 հազար մայր ոչխա՞ր է դուրս բերվել Հայաստանից: Դրանք թյուր տեղեկություններ են,- ասել է գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Ա. Հովհաննիսյանը,- արտահանվել է 117 հազար գառ և պառաված մայր ոչխար, որոնք վերարտադրության համար պիտանի չեն»:
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը մարտին` ասուլիսի ընթացքում, ասել է, որ ծինից հետո` հունվար-մայիս ամիսներին, իրավիճակը կշտկվի: «Եթե այսօր ունենք 430 հազ. մայր ոչխար, կակնկալենք առնվազն 430 հազ. հատ գառ, թեև ոչխարների ծնի գործակիցը 1,2 է: Եթե բազմապատկում ենք, մոտ 500 հազարի չափ գառ կունենանք, որից 250 հազարը կլինեն արու գառներ, որոնք ենթակա են իրացման»:
Բերբերյանն ասում է, որ չի պատկերացնում, թե ինչ մասնագիտական հիմքերի վրա են նման հայտարարություններ արվում, թե էգերը չեն արտահանվել:«Ինչքան էլ մեր պետական պաշտոնյաները կուրծք ծեծեն, որ մայրական կազմը չի պակասել, դա կեղծիք է ու դեմագոգիա,- ասում է նա,- որովհետև ոչ մի մաքսային աշխատող կամ նախարարության մասնագետ չի ստուգել` դրանք է՞գ են եղել, թե՞ արու: Իսկ ինչ վերաբերում է քանակությանը, ապա դա շուկայում չի երևում: Եթե քանակ լիներ, կերևար. ես ամեն օր շուկա եմ գնում, մի 3-4 տեղ հազիվ լինի»: Նրա գնահատմամբ` առաջիկայում միսը դժվար թե էժանանա. «Միգուցե թեթևակի տատանում ունենա ամռանը»: Իսկ իրավիճակի շտկումը նա տեսնում է գյուղմթերք արտադրողի մասին օրենքի ընդունմամբ: «Անհապաղ հարկավոր է հաշվառում անել,- ասում է նա,- էլ չեմ ասում անձնագրավորման մասին, որով հստակ կերևա արուն ու էգը, ու շարժը կտեսնենք, թե որ գյուղից ինչքան կամ ինչ է վաճառվել»:
Ըստ Ազգային վիճակագրության տվյալների` 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված 481 342 գլուխ ոչխար կա, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 8.6%-ով, և 273 854 գլուխ կով, նվազել է 3.2%-ով:






Facebook
Tweet This
Email This Post
