Պիրսինգ` հայ կանայք հետ չեն մնում «բոդի արտից»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 17, 2010 16:35

«Քյարթուները պիրսինգ չեն անում, շրջապատում չեն ների»

Ինչքան էլ մենք` հայերս, զարհուրանքով և ատելությամբ լցվենք` հանդիպելով պորտի, հոնքի կամ քթի վրա զարդ կրող երիտասարդի, միևնույն է, ժամանակն ու նորաձևությունն իրենց դրոշմը դնում են նաև հայ իրականության վրա: «Բոդի արտ» սրահի հիմնադիր, դաջվածքի և պիրսինգի մասնագետ Սիրոն ասում է, որ Հայաստանում վերջին տարիներին պիրսինգը լայն տարածում է գտել, ինչը հիմնավորում է իր հաճախորդների օր օրի աճող քանակով:

Ըստ Սիրոյի, պիրսինգի  սիրահարները հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են: Սիրոն դա բացատրում է հայ կանանց ավելի համարձակ լինելու և շրջապատի կարծիքից կախում չունենալու հանգամանքով: Նույն կարծիքին չէ հայ տղաների վերաբերյալ. «Պիրսինգի համար ինձ ավելի շատ դիմում են «ջակի-ջուկի» ոճի տղաները, քյարթուները, բնականաբար, պիրսինգ չեն անում, շրջապատում չեն ների»,-ծիծաղում է նա:

Սիրոն գրեթե ամեն օր կնոջ ականջին պիրսինգ է անում: Ի տարբերություն մարմնի այլ մասերի` ականջի պիրսինգը համեմատաբար ավելի ընդունելի ու տարածված է: Շատերն անգամ դա պիրսինգ չեն համարում: «Ականջի կրճիկներն ամենադժվար լավացողն են,- ասում է Սիրոն,- ուստի պետք է շատ զգուշորեն անել: Բայց եթե մասնագետը գիտի, թե որտեղ են գտնվում ականջի համապատասխան կետերը, ապա ցավի զգացումը բավականին կնվազի, խնդիրներ ու բարդություններ էլ չեն առաջանա»:

Պորտի պիրսինգը նույնպես տարածված է, հատկապես` կանանց շրջանում: Սակայն այս դեպքում հիգիենան պետք է կատարյալ լինի, քանի որ պորտի միջոցով մանրէները շատ արագ են ներթափանցում օրգանիզմ: Պորտի պիրսինգը լավանում է չորսից հինգ ամսում, որից հետո կարելի է ինքնուրույն հանել-դնել զարդը: Մյուս ամենատարածված տեսակը քթի պիրսինգն է: Դա մի փոքր դժվարացնում է դիմահարդարումը, հատկապես սկզբնական շրջանում, երբ անհրաժեշտ է քթի այդ հատվածը զերծ պահել մանրէներից:  Տարածված է նաև հոնքերի պիրսինգը, որը, ի դեպ, ավելի արագ է վերականգնվում` մեկ-երկու ամսից: Բայց սա շատ ցավոտ է և ավելի տարածված տղաների շրջանում:

Ի դեպ, Սիրոն զրույցի ժամանակ դաջվածք էր անում մի երիտասարդ կնոջ, որը հոնքի պիրսինգ ուներ: Նա ասաց, որ իր պիրսինգն արդեն ութ տարվա պատմություն ունի, և պատրաստվում է ևս մեկն ավելացնել մարմնի  ուրիշ մասում: Այն հարցին, թե ութ տարի առաջ շրջապատում ինչպես են վերաբերվել այդ քայլին, պատասխանեց. «Բնականաբար, քարկոծեցին, բայց ես դա հաշվի չառա. ինձ համար կարևոր չէ ուրիշների կարծիքը»:

Մեր իրականության մեջ մի կերպ կարող են հաշտվել ականջի, հոնքի, պորտի կամ քթի պիրսինգի հետ, բայց լեզվի և շուրթերի պիրսինգն անհամեմատ ավելի մեծ հակակրանք է առաջացնում: Սիրոն ասում է, որ շատ են նաև այդ հատվածներում պիրսինգ անել ցանկացողները: Ինչով էլ որ պայմանավորված լինի դեմքի այդ հատվածները «զարդարելու» ցանկությունը, հարկ է լավ մտածել: Ճիշտ է, լեզվի և շրթունքների վերքերն ավելի արագ են լավանում, սակայն դրանք հետագա 10-15 օրերին խնդիրներ են առաջացնում` կապված հատկապես ուտելու հետ: Այդ ընթացքում չի թույլատրվում օգտագործել տաք, սառը, քաղցր, կծու, թթու, կոշտ սնունդ, ալկոհոլ, և ընդհանրապես անհարմար է դառնում ուտելն ու խոսելը:

Կրծքի պիրսինգն այնքան էլ տարածված չէ Հայաստանում: Եթե անգամ դրսում ապրող հայ ես, էլի զերծ չես մնա քննադատությունից: Սիրոն պատմում է, որ Ռուսաստանում ապրող մի տղայի կրծքի պիրսինգ է արել, բայց  նրա հայկական շրջապատում այնքան են նրան «նեղել», որ ստիպված է եղել հրաժարվել այդ նախասիրությունից:

Պիրսինգ մարմնի ինտիմ մասերում: Սիրոն այս կարգի հաճախորդներ չունի: Միայն մեկ անգամ է այդպիսի պատվեր ստացել. ամուսինը ցանկացել է, որ կնոջն ինտիմ պիրսինգ անի: Չնայած արտերկրում ինտիմ պիրսինգը վաղուց սովորական երևույթ է, մեզ մոտ այն դեռ երկար ժամանակ խորթ կմնա: Եվ,միգուցե դա բարեբախտություն է, քանի որ եվրոպացի բժիշկները պայքարում են ինտիմ պիրսինգի դեմ` համարելով, որ այն կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում:

Գոյություն ունի նաև եղունգի և ատամի պիրսինգ: Առաջինի դեպքում դա այնքան էլ վնասակար չէ: Իսկ երկրորդի դեպքում ատամնաբույժները հանգել են այն եզրակացության, որ ատամի պիրսինգը մեծ վնաս է հասցնում լնդերին:

Հիգիենա

Եթե որոշել եք պիրսինգ անել, ապա առաջին հերթին ընտրեք ճիշտ սալոն և ճիշտ մասնագետ (պատահական  հաստատությունում  չարժե պիրսինգ անել, եթե անգամ  ուրիշ մարդիկ արդեն արել են): Պարզեք` արդյոք այդ մասնագետն ունի՞ պիրսինգով զբաղվելու համապատասխան սերտիֆիկատ, որը վկայում է բժշկության, հատկապես անատոմիայի գիտելիքների մասին: Մի  խաբվեք գեղեցիկ վերանորոգված և «էլիտար» գեղեցկության սրահների գովազդներից, քանի որ հայտնի չէ` այնտեղ հատուկ պիրսինգի մասնագետ կա՞, թե՞ դրանով «ձեռքի հետ» զբաղվում է, օրինակ, կոսմետոլոգը:

Բոլոր քաղաքակիրթ երկրներում պիրսինգով զբաղվում է հենց պիրսինգի և ոչ,  ասենք, դաջվածքի մասնագետը: Սիրոն, որ արդեն մի քանի տարի է, ինչ հիմնել է «Բոդի արտ» մասնագիտացված կենտրոնը, զբաղվում է և՛ դաջվածքով, և՛ պիրսինգով: Պետք է նշել, որ Սիրոն Հայաստանում միակն է, որ դաջվածքի և պիրսինգի միջազգային վկայական ունի, որն ամեն տարի թարմացնում է ԱՄՆ-ում:

Նա խորհուրդ է տալիս բոլորին. նախքան զարդն իրենց  օրգանիզմի մեջ մտցնելը պարզել` այն որակյալ  ու անվտա՞նգ է: «Շատերն են չինական զարդեր օգտագործում, որովհետև էժան են,- ասում է Սիրոն,- բայց դրանք կարող են լուրջ բարդություններ առաջացնել, եթե մանավանդ օրգանիզմն արդեն իսկ խնդիրներ ունի»:

Ըստ Սիրոյի, նա օգտագործում է միմիայն բարձրակարգ, եվրոպական զարդեր, որոնք, ճիշտ է, մի քանի անգամ ավելի թանկ են, սակայն հաստատ անվտանգ են: «Հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի նաև ասեղներին,-ասում է Սիրոն,- դրանք պետք է լինեն միանգամյա օգտագործման: Բացի այդ, որքան էլ որ զարդերն ու գործիքները մաքուր լինեն, էլի անհրաժեշտ է դրանք մանրէազերծել»:

Մանրէազերծումը պետք է իրականացվի հատուկ սարքի միջոցով, որը շատ սրահներում բացակայում է: Կարևոր է նաև մաշկը ծակելու վարպետությունը: Սիրոն ասում է, որ շատերը հաճախ երկու անցքերի միջև այնքան փոքր տարածություն են թողնում, որ մաշկը բարակում է և վնասվում, զարդն էլ դուրս է գալիս: Պետք է նաև հիշել, որ ատրճանակով ծակում են միայն ականջի բլթակները, մնացածն արվում է ասեղի միջոցով:

«Բոդի արտ» սրահում քթի պիրսինգն արժե 8 հազար, իսկ մնացած հատվածներինը` 13 հազար դրամ, ներառյալ զարդերը:

Խնամք

Առաջին երկու շաբաթվա ընթացքում հարկավոր է զերծ մնալ լողավազաններից, սաունաներից, լճում, ծովում կամ գետում լողալուց: Բացի մասնագետի նշանակած քսուքներից, խուսափել այլ քսուքներ օգտագործելուց:

Ո՞ր դեպքերում չի կարելի պիրսինգ անել

  • Որևէ սուր քրոնիկական հիվանդության դեպքում,
  • բարձր ջերմության ժամանակ,
  • մաշկային հիվանդությունների դեպքում,
  • ցավազրկող միջոցի նկատմամբ ալերգիկ հակազդեցության դեպքում:

Կան նաև մարդիկ, որոնց օրգանիզմն ընդունում է միայն ոսկյա զարդեր, մնացած դեպքերում բորբոքումներ են առաջանում: Բայց եթե նույնիսկ չեք դասվում այդ մարդկանց շարքը, պիրսինգի դեպքում խորհուրդ է տրվում կրել հատուկ զարդեր` պատրաստված վիրաբուժական պողպատից, տիտանից և ոսկուց: Լինում են դեպքեր, երբ օրգանիզմը հակազդում է նաև ոսկուն, ուստի թարմ վերքին ոսկյա զարդ չեն դնում:

Պիրսինգի պատմությունը

Պիրսինգն առաջացել է անգլերեն piercing բառից, որը նշանակում է ծակում: Պիրսինգը հազարամյակների պատմություն ունի: Սակայն հնում մարդիկ իրենց մարմինը «ծակծկում» էին բոլորովին այլ նպատակներով: Օրինակ` Հին Եգիպտոսում պորտին զարդ կախել թույլատրվում էր միայն այն կանանց, ովքեր մտերիմ էին փարավոնի կամ քրմուհիների հետ: Հին Հնդկաստանում մի քթածակին օղ ունենալը վկայում էր կնոջ ամուսնացած լինելու մասին: Հին հռոմեական զինվորները օղեր էին կախում կրծքին` ի նշան ուժի և առնականության: Շատերի համար էլ մարմինը ծակծկելը խորհրդանշում էր Հիսուսի չարչարանքները:

Ականջի պիրսինգն ընդունված էր Ամերիկայի հնդկացի տղամարդկանց շրջանում: Եվրոպոիդ ռասայի մեջ ականջների պիրսինգը երկար ժամանակ կանանց մենաշնորհն էր:  1980-ական թթ. ականջների պիրսինգով հանդես եկան ռեպերները: Այնուամենայնիվ, մինչև վերջերս ականջող կրող տղամարդիկ համարվում էին միասեռական: Մեր օրերում արդեն պիրսինգը համարվում է նորաձևության դրսևորում, ոչ սովորական երևալու, բոլորից տարբերվելու յուրօրինակ միջոց: Պիրսինգի սիրահարների համար չկան սահմաններ, բայց գոյություն ունեն ռեկորդներ` գրանցված Գինեսի ռեկորդների գրքում: Օրինակ` մի ամերիկացի մեկ օրվա ընթացքում իր մարմինը ծակել է 171 անգամ:

Դիտվել է 4418 անգամ:
Print Friendly

Leave a Reply