Սպանության դեպքը բացահայտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2010 15:51

Մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է ահազանգել 1959 թ. ծնված Լիլի Մ.-ն և հայտնել, որ իրենց շենքի մոտ կրակում են:

Դեպքի վայրի զննությամբ` Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտ հայտնաբերվել և առգրավվել էր արտասահմանյան արտադրության ատրճանակի պահունակ` լիցքավորված 7 փամփուշտներով, 7 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, 1 կրակված գնդակ և փայտե մահակ:

Նույն օրը, ժամը 21.40-ին, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն և 1982 թ. ծնված Պետրոս Գ.-ն:

Նույն օրը, ժամը 23.05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Խաչիկ Մկրտչյանի դիակը` հրազենային վնասվածքով:

Մայիսի 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 17 և թիվ 19 շենքերի մոտ, վիճաբանության ժամանակ Խ. Մկրտչյանն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել և հրազենային վնասվածքներ է պատճառել Արսեն Ա.-ին և Պետրոս Գ.-ին:

Փոխհրաձգության ժամանակ Արսեն Ա.-ն իր մոտ եղած ապօրինի կերպով պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Խ. Մկրտչյանին, որը 1987 թ. ծնված Նարեկ Օ.-ի վարած «Մերսեդես ՍԼԿ» մակնիշի ավտոմեքենայով բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դրանից հետո Նարեկ Օ.-ն Խ. Մկրտչյանի դիակը թողնելով «Արմենիա» ՀԲԿ ընդունարանում` անհայտ անձի հետ դիմել է փախուստի:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply