Ինչո՞ւ են ուզում վերաբացել օտարալեզու դպրոցները
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | May 17, 2010 14:35«Մտավախություն կա, որ օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնությունը պայմանավորված է ոչ թե ներքին պահանջներով կամ համաշխարհային մշակութային ինտեգրման ձգտմամբ, այլ արտաքին ճնշումներով: Վախ կա, որ նորից կվերականգնվի Հայաստանը ռուսական դպրոցներով լցնելու պրակտիկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեցին գրող, հրապարակախոս Հակոբ Մովսեսը և ԿԳ նախկին նախարար Աշոտ Բլեյանը:
Ըստ Բլեյանի՝ ԱԺ ներկայացված օրենքի նախագիծն անընդունելի է ներկայիս բովանդակությամբ և ուղղված է պետության ու ապագա սերունդների դեմ: Բլեյանն ասում է, որ «Լեզվի մասին» օրենքը սկսած 1993-ից Հայատանում օտարալեզու հանրակրություն չի նախատեսում և նոր օրինագիծը հակասում է և այդ օրենքին, և ՀՀ սահմանադրությանը:
Բլեյանը նշում է, որ արտերկրում օտարալեզու դպրոցներ գործում են միայն տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների համար, ինչը կա նաև Հայաստանում: «Հայաստանում հանրակրթական դպրոցը չի կարող չլինել միասնական, դա կբերի անհավասարության»,- ասում է Բլեյանը՝ հավելելով, որ օտարալեզու ուսուցումը հնարավորություն չի տա, որ երեխաների բնածին տաղանդները բացահայտվեն և զարգանան: «Մենք արդեն իսկ ունենք ռուսական դպրոցների փորձը: Տվյալ լեզվին չտիրապետող երեխան չի կարող ուսումնասիրվող մյուս առարկաներն այդ լեզվով սովորել»:
Հակոբ Մովսեսի խոսքով՝ հակասական իրավիճակ է՝ տգետ է հայ մտավորականը, եթե չի տիրապետում իր մայրենիին, սակայն տգետ է նաև այն մտավորականն ու քաղաքացին, ովքեր ինտեգրված չեն համաշխարհային մշակույթին: Ըստ Հակոբ Մովսեսի՝ այս հարցի լուծումը գտել է Նիդեռլանդները, որտեղ պետական դպրոցներում պետական լեզվով ուսուցումը պարտադիր է, իսկ մասնավոր ավագ դպրոցներն ազատ են ուսուցման լեզվի ընտրության հարցում:
Բլեյանի կարծիքով , սակայն, հանրակրությունը պետք է լինի միայն հայերենով, իսկ «ներկայիս ավագ դպրոցների համակարգը օտար լեզուների ուսուցման մեծ հնարավորություն է ընձեռում»:







Facebook
Tweet This
Email This Post
