Իրանը, Բրազիլիան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել միջուկային վառելիքի փոխանակման շուրջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 17, 2010 13:52
Իրանը, Բրազիլիան եւ Թուրքիան այսօր Թեհրանում համաձայնագիր են ստորագրել միջուկային վառելիքի փոխանակման շուրջ: Ինչպես հայտնել Է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը, Իրանը համաձայնել Է իր ցածրհարստացված (3,5 տոկոս) 1,2 տոննա ուրան ուղարկել Թուրքիա հետագայում այն մինչեւ 20 տոկոսի մակարդակ հարստացված 120 կիլոգրամ միջուկային վառելիքով փոխանակելու համար:
Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը պնդում Էր, որ միջուկային վառելիքի փոխանակումն իրականացվի միաժամանակ եւ միայն Իրանի տարածքում: Որպես տարբերակ իրանական կողմն առաջարկում Էր Պարսից ծոցում գտնվող Կիշ կղզին:
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը Իսլամական Հանրապետությանն առաջարկել Էր 1,2 տոննա ցածրհարստացված ուրանը (այն պահին երկրում կուտակված ցածրհարստացված ուրանի մոտավորապես 70 տոկոսը) լրահարստացման համար ուղարկել Ռուսաստան, որից այնուհետեւ Ֆրանսիայում պետք Է միջուկային վառելիք պատրաստվեր Թեհրանի հետազոտական ռեակտորի համար: Իրանին մոտ 120 կիլոգրամ մինչեւ 19,75 տոկոս հարստացված ուրան Է հարկավոր Թեհրանի հետազոտական ռեակտորի համար, որն օգտագործվում Է դեղորայք պատրաստելու համար:
Այս տարվա փետրվարին Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը Նաթանզի միջուկային կենտրոնում ձեռնամուխ Է եղել մինչեւ 20 տոկոսի մակարդակ ուրանի ինքնուրույն լրահարստացմանը: Սակայն, ինչպես ընդգծում Էին Իսլամական Հանրապետության պաշտոնատարները, միջուկային վառելիքի փոխանակման շուրջ համաձայնության հասնելու դեպքում այդ աշխատանքները կդադարեցվեն:






Facebook
Tweet This
Email This Post
