Որդին մեղադրվում է մորը խոշտանգելու և սպանության փորձ կատարելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 15, 2010 17:24
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը խոշտանգելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը հոր մահից հետո` 2002 թվականից, զբաղվել է հարբեցողությամբ, ձեռք բերել ալկոհոլից կախվածություն և տևական ժամանակ բռնություն գործադրել մոր` Ս. Թաթարյանի նկատմամբ: Նա պարբերաբար ծեծել է, հայհոյել, նվաստացրել մորը` իր դիտավորյալ գործողություններով մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով նրան:
2010թ. հունվարի 4-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Հակոբյանը մորից պահանջել է, որպեսզի վերջինս անձամբ բերի աստիճանը` պարտադրելով նրան գլուխն անցկացնել իր կողմից նախապես պատրաստված եւ բակի թարմայից կախված օղի միջով: Այնուհետև նա աստիճանը մի կողմ է հրել` այդկերպ փորձելով ապօրինաբար կյանքից զրկել Ս. Թաթարյանին: Վերջինիս ոտքերը մնացել են օդում, նա կորցրել է գիտակցությունը, սակայն օղի լայն լինելու պատճառով Ս. Թաթարյանի գլուխը դուրս է եկել օղից, ու նա ընկել է գետնին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
