Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 14, 2010 19:46

<<Կախարդական բացահայտումներով լի տոնական իրադարձություն` գիշերային հմայք ստացած հյուրընկալ թանգարանների այցելության ընթացքում… Այս նախաձեռնությունը նպաստում է եվրոպական մայրցամաքի թանգարանների միջև նոր կապեր հյուսելուն, այն հրավիրում է ողջ հասարակությանը բացահայտելու ամենամոտ մշակութային միջնորդների` թանգարանների անսպառ հարստությունը… Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձնում այս բացառիկ իրադարձությունը և մասնակիցներից յուրաքանչյուրին մաղթում եմ հրաշալի թանգարանային գիշեր` լի արվեստի նկատմամբ սիրով>>: <<Թանգարանների գիշեր>>-2010-ի առթիվ ողջույնի այսպիսի ուղերձով է հանդես եկել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտտերրանը, դիմելով նախաձեռնության բոլոր մասնակից թանգարաններին:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ կազմակերպվող բազում միջոցառումների շարքում 2005 թ.-ից ծննունդ առած <<Թանգարանների գիշեր>> նախաձեռնությունը ընթանում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Այս տարի թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` ՀՀ մշակույթյի նախարարությունը <<Միասին>> երիտասարդական հայրենասիրական շարժման մասնակցությամբ հանդես է եկել <<Մաքրենք մեր թանգարանները>> նախաձեռնությամբ: Մայիսի 14-ին շուրջ 250 երիտասարդներ <<Թանգարանների գիշեր>>` խորհրդանշական մակագրությամբ վերնաշապիկներով, նախաձեռնությանը և օրվա կարգախոսին միաբան` Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի մայրաքաղաքի 21 թանգարաններ` կատարելու այդ շենքերի արտաքին մաքրման ու տարածքների բարեկարգման աշխատանքները:
Միջոցառումը մեկնարկեց առավոտյան ժամը 10-ին, ՀՀ մշակույթի նախարարի ողջույնի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց կամավոր երիտասարդներին` օրվա ակցիային սիրով մասնակցելու համար ու նաև մաղթեց, որ իրենց ուշադրությունն ու հոգատար վերաբերմունքը մշակութային ժառանգության հանդեպ չսահմանափակվի միայն այս օրով, այլ իր դրսևորումը գտնի մշտապես ու հարատևի յուրաքանչյուրի հոգում:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply