ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 19-րդ նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2010 19:17

Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի հերթական` 19-րդ նիստը:

Նիստը սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ տերունական աղոթքով: Այնուհետ, հոգաբարձուների խորհրդի կազմում միաձայն հաստատվեց նոր անդամ Բրազիլիայից` տիկին Տիրուհի Պուրմայանը` հայազգի հայտնի բարերար Վարուժան Պուրմայանի այրին: Հաշվետու ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց օրակարգով նախատեսված հարցերի քննարկում:

2009-ին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ կառույցի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, մասնավորապես կարեւորելով հիմնադրամի աշխարհագրության ընդլայնումը, այդ թվում Սիրիայում եւ Հունաստանում նոր տեղական մարմինների հիմնումը, ինչպես նաեւ Կիպրոսի տեղական մարմնի վերաբացումը: Զեկույցում անդրադարձ եղավ նաեւ նոր դրամահավաք մեխանիզմներին, որոնց շնորհիվ 2009-ին արձանագրվեց նվիրատուների թվի կտրուկ աճ:

Մասնակիցներին ներկայացվեցին նախորդ տարվա գործունեությունն ամբողջացնող ֆինանսական հաշվետվությունը, աուդիտի եզրակացությունը: Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն ներկայացրեց Վահէ Ճազմատարեանը, ով նշանակալի առաջընթաց արձանագրեց Հիմնադրամի իրագործած շինարարական աշխատանքների որակի բարձրացման եւ ֆինանսական ռեսուրսների առավել նպատակային օգտագործման առնչությամբ:

Ընդունված կարգի համաձայն` խորհուրդը նաեւ քննարկեց եւ հաստատեց 2010-ի ռազմավարական ծրագիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն առաջարկեց 2010 թվականի դրամահավաքից Արցախին հատկացվելիք գումարներն ուղղել ջրամատակարարման համակարգի կառուցմանն ու նորոգմանը: Խորհուրդը միաձայն հավանություն տվեց այս առաջարկին, ինչպես նաեւ որոշեց շարունակել գյուղերի զարգացման ծրագիրը Հայաստանում: Քննարկվեցին նոյեմբերի 25-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2010-ի վերաբերյալ մի շարք ներկազմակերպական հարցեր:

ՙՋրամատակարարման խնդիրն Արցախի համար թերեւս Ճանապարհաշինության խնդրից պակաս կարեւոր չէ: Եթե համայն հայության համախմբման շնորհիվ` Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-Հարավ լայնածավալ ծրագրերով գլխավորապես լուծվեց ճանապարհի խնդիրը, այսօր Արցախը նմանատիպ համախմբման կարիք է զգում նաեւ ջրամատակարարման խնդրի շուրջ: Արցախում ջրի խնդրի համալիր լուծումը կլինի Շուշիում ներկայումս ընթացող ջրամատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրի տրամաբանական շարունակությունը՚,- մեկնաբանեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Նշվեց, որ Արցախի 323 գյուղերից մոտ 200-ում խմելու ջրի մատակարարման խնդիրներ կան եւ միայն Ստեփանակերտում ջրամատակարարման հարցը հիմնովին լուծելու համար կպահանջվի առնվազն 6,5 միլիարդ դրամ:

Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանն առաջարկեց Հիմնադրամի անցած ուղին խորքային վերլուծության ենթարկել եւ ըստ այդմ պլանավորել հետագա անելիքները: Նախագահի որոշմամբ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վերլոււծական զեկույց կներկայացնի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` հոբելյանական նիստին, որը կկայանա 2011-ի մայիսին:

Խորհրդանշական է, որ 1992 թվականի ճիշտ այս օրը` մայիսի 14-ին, կայացավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը: Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցչական կազմն ինքնին խոսուն վկայությունն է այն փաստի, որ Հիմնադրամը հանդիսանում է աշխարհասփյուռ հայությանը` առանց քաղաքական եւ կրոնական խտրության համախմբող եզակի կառույց: խորհուրդը միաբանում է ազգի պետական այրերին, հոգեւոր առաջնորդներին, ավանդական կուսակցություններին, մտավորականներին, հայտնի բարերարների ու մարդասիրական կառույցների ներկայացուցիչներին: Հիմնադիրները միակամ էին, որ հայոց ազգային պետականության պահպանման եւ զորացման ճանապարհին ստեղծված դժվարությունները հաղթահարելու ամենահուսալի ուղին ազգի բոլոր ուժերի համախումբ ու միասնական գործադրումն է: Այսօր էլ շուրջ երկու տասնամյակ անց, Հիմնադրամը շարունակում է կամրջել աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածները` հնարավորություն տալով ամեն հայի մասնակցել հայրենիքի շենացման գործին:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply