Կրկին Գյումրին բացառություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 14, 2010 13:33
Մայիսի 14-ին Երևանի Հյուսիսային համալսարանի նիստերի դահլիճում սկսվեց սեմինար, որին մասնակցում են Հայաստանի հանդբոլի մարզիչները: Այն վարում է Մարտին Տուման: Երկրորդ անգամ է չեխ մասնագետը պարապմունքներ անցկացնում մեր մարզիչների հետ: Ցուցադրվեց երկու տեսաֆիլմ: Դրանք նվիրված էին մինի հանդբոլին և մանկապատանեկան խմբերի հետ մարզումների կազմակերպմանը: Տեսական պարապմունքին հաջորդեց գործնականը: Օրվա երկրորդ կեսին սեմինարի շուրջ երեք տասնյակ մասնակիցները տեղափոխվեցին մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մարզասրահ: Այստեղ ցուցադրական պարապմունք անցկացվեց մարզվողների խմբի հետ: Սեմինարը կշարունակվի մինչև մայիսի 16-ը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի հանդբոլի բոլոր կենտրոնների ներկայացուցիչները: Բացառություն են կազմում միայն գյումրեցիները: Ի դեպ, Գյումրին պատվիրակներ չէր ուղարկել նաև օրերս Վանաձորում կազմակերպված Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնություններին: Այնպես որ, տխուր այս փաստը ևս չի կարելի պատահականությանը վերագրել:






Facebook
Tweet This
Email This Post
