Անիի պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներին կմասնակցեն նաեւ հայ մասնագետներ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 14, 2010 13:41
Հաագայի պատմական արդարադատության և հաշտեցման իսնտիտուտի նախաձեռնությամբ հայ և թուրք ճարտապետների գործակցությամբ կվերականգնվի պատմական Անիի մշակութային ժառանգությունը: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» հասարակական կազմակերպության քարտուղար Հասմիկ Ազիզյանը, նույն ինստիտուտի նախաձեռնությամբ անցած տարի հոկտեմբերին Ստամբուլում կազմակերպվել էր հայ և թուրք մասնագետների հանդիպում, որի նպատակն էր ստեղծել երկխոսություն մշակութային ժառանգության վերականգնման, պահպանման ու հանրահռչակման գործում: Ընտրվել է Անին, որովհետեւ ՅՈւՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը Թուրքիայի մշակույթի նախարարության հետ համատեղ Անիում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ, մասնավորապես` Տիգրան Հոնենցի եկեղեցում և Մանուչեի մզկիթում:
«Մեր գործընկերների կողմից մենք մտահոգող տեղեկություններ ենք ստացել` այդ մշակութային հուշարձանների վերականգման ընթացքում դրանց իսկության, մոտեցումների, սկզբունքների կիրառման վերաբերյալ: Մշտապես գործակցելով «ԻԿՕՄՕՍ-Թուրքիա»-ի հետ` այս հարցը ևս բարձրացրեցինք, նամակով դիմեցինք նրանց: Թուրքական կազմակերպության կողմից ստացանք պատասխան, ըստ որի` ամեն ինչ արվում է այդ եկեղեցիների իսկությունն ու անխաթարությունը չխախտելու համար»,- ասաց նա: Անիի եկեղեցիների վերականգնման աշխատանքներին վրացական մասնագետների մասնակցության եւ վերականգնումը քաղկեդոնական ժառանգության ձեւավորման մոտիվներով իրականացնելու հարցով «ԻԿՕՄՕՍ- Հայաստան» կազմակերպությունը դիմել է «ԻԿՕՄՕՍ-Թուրքիա»-ին` գտնելու նախագծային աշխատանքները ղեկավարող ճարտարապետին: «ԻԿՕՄՕՍ-Հայաստան»-ի նախագահ Գագիկ Գյուրջյանն, ով եւս ներկա էր ասուլիսին, ասաց, որ արդյունքում վրացական կողմի մասնակցության մասին լուրերը չեն արդարացել, իսկ նախագծի հեղինակը ԱՄՆ-ից Վերոնիկա Կոլասն է:
Նշվեց նաեւ, որ Անիում ընդամենը մեկ վրացական եկեղեցի կա: «Շեշտն այժմ դրվում է հայկական եւ թուրքական կողմից հասարակական կազմակերպությունների համագործակցության վրա: Նախկինում մենք նպատակ ունեինք, որ հայ մասնագետներն ուղղակի մասնակցեն Անիի պեղումներին, այսօր ցանկանում ենք մասնակցություն ունենալ նաեւ վերականգնողական աշխատանքներին: Քանի որ թուրքական կողմն ուղղակի ծանոթ չի հայկական ժառանգության կառուցման եւ վերականգնման տենոլոգիաներին, շինարարակական տեխնիկային, մենք փորձում ենք մասնակից լինել այդ գործընթացներում»,- ասաց նա:
Անիի ժառանգության վերականգնման աշխատանքները դեռ նախապատրաստական փուլում են, եւ հայկական կազմակերպությունն «ԻԿՕՄՕՍ»-ի շրջանակներում փորձում է հնարավորինս ակտիվ լինել այդ եկեղեցիների վերականգման գործընթացում: Ներկայումս նպատակ կա հայ մասնագետներին հնարավորություն տալ Անիում ընտրված որոշակի այլ տեղամասերում իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաեւ` թվայնացնել Անիի վերաբերյալ գոյություն ունեցող արխիվային փաստաթղթերը` ներառյալ նաեւ Սանկտ Պետերբուգում պահվող Նիկողայոս Մառի արշավախմբի արդյունքները: «ԻԿՕՄՕՍ-Հայաստան»-ը նպատակադրված է ստեղծելու նաեւ ինտերնետային կայք Անիի մասին, որը հետաքրքրություն կառաջացնի նաեւ օտարերկյա հետազոտողների համար: Հայաստանն առաջարկել է համատեղ վերականգնել նաեւ Ախուրյան գետի վրայով ձգվող Անիի կամուրջը, որը «ԻԿՕՄՕՍ»-ի ընդունած` «Երկրների կիսվող ժառանգության մասին» բանաձեւի տիպիկ օրինակն է: «Մեզ համար շատ կարեւոր է այս կամրջի վերականգնումը` այն իրականացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի անդամ դառնալով` վերցնում ենք պարտավորություններ, որոնցից ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան չեն կարող խուսափել:
Ուստի այն վերականգնելն այս շրջանակում մեծ հնարավորություն է մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- ընդգծեց Գ.Գյուրջյանը: Ի դեպ, այս հարցը դեռ մի քանի տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը բարձրացրել է եւ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով դիմել Թուրքիայի մշակութային գերատեսչությանը, որտեղից թեեւ ստացվել է դրական անուղղակի արձագանք, սակայն փաստաթղթով չի վավերացվել:
Թուրքական հասարակական կազմակերպություններն այս հարցում եւս համախոհ են: Նշվեց նաեւ, որ «ԻԿՕՄՕՍ»-ի գլխավոր ասմաբելայում հայկական պատվիրակության առաջարկած Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը դատապարտելու վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո «ԻԿՕՄՕՍ»-ից պաշտոնական գրություն է ուղարկվել ադրբեջանական պետությանը: Հ.Ազիզյանն Ադրբեջանի կողմից արձանագանքում նկատել է, որ այս հարցի վերաբերյալ միայն նշվել է` «այդ հուշարձանի պաշտոնական անվանումը ոչ թե Ջուղա է, այլ` Ջուլֆա»:






Facebook
Tweet This
Email This Post
