Ձախորդություն սպորտում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 19, 2010 9:23

Գաղտնիք չէ, որ սպորտը նաև քաղաքանություն է, և անհրաժեշտ է շատ զգույշ լինել հատկապես այն դեպքերում, երբ Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականները, թիմերը մրցում են մեր սահմանակից այն երկրների նեկայացուցիչների հետ, որոնց հետ,  հանգամանքների բերումով, դիվանագիտական հարաբերություններ անգամ չունենք: Ֆուտբոլային դիվանագիտությունը մի կողմ թողնենք, որ մեր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Թուրքիայի ընտրանու հետ անցկացրած խաղերում և՛ տանը, և՛ հյուրընկալվելիս երկու երկրների նախագահների ներկայությամբ երկու պարտություն կրեց: Դա մեծ խայտառակություն էր: Եվ ահա` նոր անախորժություն:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից, որում խաղարկվում էին նաև Սինգապուրում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, ձեռնունայն վերադարձան մեր երկրի 6 բռնցքամարտիկները: Արդարացման համար ինչքան ասես պատճառաբանություն կարելի է բերել: Բայց մի բան ակնհայտ է. եթե հույս չունեինք, որ որևէ արդյունքի ենք հասնելու, իմաստ չուներ մասնակիցներ գործուղել մրցավայր:

Ընդ որում,  մեր երիտասարդ բռնցքամարտիկների համար ոչ բարյացակամ միջավայրում հանդես գալը, թեկուզ հոգեբանական առումով, արդեն լուրջ փորձություն էր: Սակայն, գնալ-չգնալու հարցը որոշողը, որպես կանոն, այն մարդիկ են, որոնց մտքով էլ չի անցնում մեր երկրի պատվիրակների հետ մեր նկատմամբ ոչ բարյացակամ  երկիր գնալ: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու երիտասարդ բռնցքամարտիկներին ուղարկում են Ադրբեջան` մրցումների մասնակցելու, սակայն, մեծահասակ ըմբիշներին` ոչ, ովքեր վերջերս բաց թողեցին Բաքվում անցկացված Եվրոպայի առաջնությունը: Ընդ որում, երեք տարի առաջ Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը նաև վարկանիշային էր, մերոնք օլիմպիական խաղերի երկու ուղեգիր նվաճեցին, բրոնզե մեկ մեդալ և, այդպիսով, ստիպեցին բարձրացնել եռագույնը:

Հայտնի չէ, թե ինչ հաշվարկներ են արել մեր երկրի մարզական ոլորտի գլուխ կանգնած ղեկավար այրերը, սակայն այժմ մեր երկրի ըմբիշներին պարզապես չեն ցանկանում թույլ տալ, որ այս տարվա աշխարհի առաջնությանը մասնակցեն: Թերևս, դա հնարավոր դառնա միայն մեծ տուգանքների վճարումից հետո: Ընդ որում, այդ հաշիվները ստիպված կլինի փակել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, որի նախագահը Սամվել Կարապետյանն է: Ինչքան էլ նա հարուստ լինի, հնարավոր է, որ այսպիսի  իրավիճակներից հիասթափվի ու այլևս ներդրումներ չկատարի ըմբշամարտը Հայաստանում զարգացնելու համար: Գուցե ոմանք առարկեն, թե Ադրբեջանի ըմբիշներին էլ պատրաստվում են տուգանել այն պատճառով, որ Երևան պատվիրակներ չեն ուղարկել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը մասնակցելու համար: Բայց չպետք է անտեսել, որ Ադրբեջանն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է և կարող է տարեկան խոստացված 5 մլն դոլարի փոխարեն այդ կազմակերպության գանձարկղը վճարել 4 մլն դոլար, իսկ մնացածն էլ հատկացնել որպես տուգանք:

Փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանի մարզական բնագավառի ներկայացուցիչներն ամեն բան միանգամայն կշռադատված են անում:

Ի դեպ, սահմանակից երկրի ներկայացուցիչներն  անցած տարի Հայաստան էին ուղարկել ձյուդոյիստների, ովքեր, Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելով, տուն վերադարձան մեդալների հարուստ ավարով, և ի պատիվ այդ երկրի մարզիկի հաղթանակի` հնչեց  Ադրբեջանի օրհներգը, բարձրացվեց այդ երկրի դրոշը: Ընդ որում, այդ օրհներգն ադրբեջանցիները վաղուց էին պատվիրել և երաշխիքներ էին պահանջել, որ բոլորը լռելյայն ոտքի կանգնած լսեն այն: Եվ այդպես էլ եղավ: Իսկ թե որքանով է արդարացված մերոնց առանց այդպիսի իրատեսական հավակնությունների Բաքու գնալը, թերևս հայտնի չէ անգամ վերոնշյալ այրերին:

Ի դեպ, այժմ էլ Բաքուն ցանկանում է հյուրընկալել 2014-ի Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply