Թունավոր խայթոցներ. թունաբանը խորհուրդ է տալիս, թե ինչպես առաջին օգնություն ցույց տալ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 3, 2010 8:00

Օրերը տաքանում են, շուտով ավելի ու ավելի հաճախ ենք քաղաքից դուրս գնալու: Եվ տաք եղանակին, բնության գրկում ավելի է մեծանում ինչ-որ օձի, կարիճի կամ միջատի խայթելու հավանականությունը:

Հայաստանում բնակվում են 22-ից ավելի տեսակի օձ, մի քանի տեսակի կարիճ և բազմազան միջատներ: Դրանց մի մասը թունավոր է (այստեղ կա 4 տեսակի թունավոր օձ և մեկ տեսակի շատ թունավոր կարիճ), մյուս մասը` ոչ այնքան: Բայց ամեն դեպքում շատ կարևոր է գիտենալ, թե ինչպես վարվել և ինչպես առաջին օգնություն ցույց  տալ խայթոցների դեպքում:

Օձեր

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն  ասում է, որ Հայաստանում տարեկան միջին հաշվով արձանագրվում է մոտ 35-50 օձի խայթոցի դեպք, իսկ մահացիության տոկոսը շատ ցածր է: «Անցած տարի մեր բաժանմունքում եղել է 36 դեպք, որոնցից մեկը մահացու էր. 70 տարեկան տղամարդ էր, Հոկտեմբերյանից: Թեպետ  նրան ժամանակին հասցրեցին հիվանդանոց, և ժամանակին բուժօգնություն ցույց տվեցինք, ցավոք, չկարողացանք փրկել», – պատմում է նա:

Գաբրիելյանն ասում է, որ օձերն առավել վտանգավոր են մայիսի վերջին և հունիսի սկզբին, ինչպես նաև օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին: Հիմա` մայիսի սկզբին, օձերը դեռ այնքան էլ շատ չեն, որովհետև եղանակը դեռ բավականին սառն է: Բայց, չնայած դրան, այս տարի ապրիլին արդեն Հանրապետական հիվանդանոցի տոկսիկոլոգիայի բաժանմունքում եղել է օձի խայթոցի մի դեպք, և ևս մի շատ ծանր դեպք` Վեդիում:

Հայաստանի  թունավոր օձերը

Հայաստանում կա 4 տեսակի թունավոր օձ, նրանցից երեքն իժերի ընտանիքին են պատկանում:

Կովկասյան իժ (Vipera kaznakowi):  Սրա երկարությունը միջինը 30-40 սմ է, երբեմն հասնում է 70 սմ-ի: Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը, և ավելի վառ գունավորում ունեն: Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով: Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով:

Տափաստանային իժ (Vipera ursinii): Սա մոտ 50-60 սմ երկարություն ունի, էգերը արուներից մի քիչ ավելի խոշոր են: Գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է` մուգ նախշերով: Տափաստանային իժը բավական հազվադեպ է հանդիպում: Նա բնակվում է հիմնականում տափաստաններում, ջրամբարների մոտ և քարքարոտ լանջերին: Տափաստանային իժը թունավոր է, նրա թույնը կարող է նույնիսկ սպանել մարդուն, բայց նրա խայթոցից մահվան դեպքերը շատ հազվադեպ են:

Հայկական իժ (Vipera xanthina): Սա ամենախոշոր իժերից մեկն է և 80-100 սմ երկարություն ունի (կարող է հասնել մինչև 1,5 մ-ի): Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է, գլխի համեմատաբար բաց գույնի վրա երևում է երկու մուգ թեք գիծ: Հայկական իժը թունավոր է և շատ վտանգավոր:

Հայկական իժի խայթոցի  դեպքում  երբեք չի կարելի սրսկել անտիգյուրզին դեղամիջոցը:

Գյուրզա (Vipera lebetina): Սա Հայաստանի ամենախոշոր (մինչև 175 սմ) և ամենավտանգավոր օձն է: Նա ունի «տափակ» դեմք, հաստ մարմին` մոխրագույն կամ կարմրաշագանակագույն: Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր: Գլուխը միագույն է, առանց նախշերի: Երբեմն հանդիպում են նաև ամբողջովին միագույն առանձնյակներ:

Գյուրզայի թույնը օգտագործվում է հակաթույն և տարբեր տեսակի դեղամիջոցներ (օրինակ` հեմոֆիլիայով տառապողների համար արյունը մակարդող դեղեր) պատրաստելու համար:

Ըստ Գաբրիելյանի` Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներում հակաթույն կա` «անտիգյուրզին», և վերահսկողությունը այս ոլորտում շատ խիստ է: («Անկախի» թղթակիցը զանգահարեց Երևանի գրեթե բոլոր հիվանդանոցները և պարզեց, որ  ամեն տեղ այս պատրաստուկը կա:) Գաբրիելյանը նշեց նաև, որ անցած տարի այս դեղամիջոցի պակաս չի զգացվել, իսկ այս տարվա մասին խոսելը դեռ շուտ է:

Զգուշություն

Ընդհանրապես օձերը (բացի էֆայից) չեն հարձակվում, եթե նրանց չանհանգստացնես (սովորաբար օձերը մարդկանց ճանապարհ են զիջում և այլն): Եթե մարդը մոտենում է, օձը  սովորաբար «նախազգուշացնում» է իր ներկայության մասին. կոբրաները, օրինակ, մարմնի առջևի 1/3-ը վեր են բարձրացնում, գյուրզաները ֆշշացնում են և այլն:

«Բոլոր խայթոցների մոտ 70%-ը պատահում է մարդու մեղավորությամբ, – ասում է թունաբան Գաբրիելյանը: – Եթե մարդը հեռու մնա օձից, չնյարդայնացնի նրան, չփորձի բռնել, խաղալ նրա հետ կամ սպանել, օձը առաջինը երբեք չի հարձակվի»:

Այսպիսով, մասնագետը խորհուրդ է տալիս քաղաքից դուրս զբոսնելիս ուշադիր լինել, քայլել ձեռնափայտով, մանավանդ`  փարթամ խոտածածկ վայրերում:

Եթե նկատել եք սողացող օձ, մնացեք կանգնած, մի շարժվեք: Թողեք, որ հեռանա: Եթե օձը «նախազգուշացման» կամ հարձակման դիրք է ընդունում, կամաց հետ քայլեք, բայց ոչ մի դեպքում օձին մեջքով մի շրջվեք: Ձեռքերն առաջ մի պարզեք. դա կարող է որպես հարձակման նշան ընկալվել: Ոչ մի արագ, կտրուկ շարժում մի արեք, դրանք նույնպես կարող են վախեցնել օձին: Մի փախեք, քանի որ կարող եք հանկարծակի կանգնել ուրիշ չնկատված օձի վրա: Միշտ հիշեք, որ նկատված օձը վտանգավոր չէ, վտանգավոր է չնկատվածը:

Եթե ձեր ձեռքում փայտ ունեք, պահեք այն առաջ պարզած: Եթե օձը հարձակվի, փորձեք նրա գլուխը փայտով գետնին  զարնել և ապա գլխատել: Մի դիպեք օձին նույնիսկ գլխատելուց հետո. մի քանի րոպեի ընթացքում օձը դեռ կարող է խայթել: Բացի այդ, որոշ օձերի թույնը երկար ժամանակ պահպանում է իր հատկությունները, և նույնիսկ սատկած օձի ատամով հանկարծակի վնասվելը կարող է շատ վտանգավոր լինել:

Մասնագետները խորհուրդ են տալիս առանց ծայրահեղ անհրաժեշտության օձերին ձեռք չտալ, եթե նույնիսկ նրանք շատ փոքր են կամ շատ պասիվ և հանդարտ են թվում: Նույնիսկ շատ փոքր օձի ձագերը թունավոր են:

Օձի խայթոցի ախտանշանները

Կոբրայի թույնը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և առաջացնում թունավորմանը հատուկ բոլոր ախտանշանները. խայթոցից քիչ անց զգացվում է այրոց, խայթած տեղը կարմրում է, ցավում, թմրում: Ցավը և թմբիրն արագ տարածվում են ամբողջ վերջույթով: Շարժումների կոորդինացիան խախտվում է, երբեմն մարդը չի կարողանում կարգին խոսել և կուլ տալ: Նա զգում է անհաղթահարելի քնկոտություն, ուժեղ թքարտադրություն: Շնչառությունը դժվարանում է, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39 աստիճան: Եթե տուժողին օգնություն ցույց չտաս, նա կարող է խայթոցից 2-7 ժամ հետո մահանալ:

Իժի, գյուրզայի խայթած տեղը ուժեղ ցավում է, ապա այտուց է առաջանում: Խայթած տեղում մաշկը կարմրում է, իսկ այտուցը տարածվում է ամբողջ վերջույթով (մատի խայթոցի դեպքում այտուցը կարող է տարածվել մինչև տուժողի ուսը): Խայթոցից 20-40 րոպե հետո առաջանում են շոկի ախտանշաններ` գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, զարկերակի թուլացում և արագացում, ճնշման իջեցում: Հնարավոր է նաև ուշագնացություն: Տուժողը կարող է մահանալ 30 րոպեի ընթացքում, բայց կարող է և դիմանալ մեկ օր և նույնիսկ ավելի:

Առաջին օգնություն

Օձի խայթոցի  դեպքում սխալ առաջին օգնությունը կարող է երբեմն ավելի վտանգավոր և վնասակար լինել, քան  բուն խայթոցը: Սխալ գործողությունները կարող են նաև դժվարացնել ախտորոշումը և հետագա բուժումը: Իսկ ճիշտ գործողությունների մասին տեղեկություն ստանալն այնքան էլ հեշտ չէ. եթե փորձեք ինտերնետում նման տեղեկատվություն որոնել, կպարզեք, որ բոլոր խորհուրդները իրարամերժ են, հակասական, և որևէ կայքում  որևէ հստակ բան չկա, եղած խորհուրդներն էլ տալիս են ոչ  մասնագետ մարդիկ:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբանը տեղեկացնում է, թե ինչպես է պետք առաջին օգնություն ցույց տալ օձերի խայթոցների  դեպքում:

* Նախ վերջույթը պետք է անշարժացնել: ՉԻ ԿԱՐԵԼԻ լարանով ՋչցՑ) ձգել վերջույթը, քանի որ այն ավելի կվատացնի տուժողի վիճակը և կբարձրացնի մահվան հավանականությունը:

* Թույնը պետք է դուրս ծծել: Կարծիք կա, որ դա սխալ է և անիմաստ, բայց այդպես կարելի է հեռացնել թույնի մոտ 20-50%-ը: Բացի այդ, Գաբրիելյանը պնդում է, որ օձի թույնը բերանի խոռոչի և մարսողական համակարգի համար վտանգավոր չէ, այն հեշտությամբ կհեռացվի օրգանիզմից` առանց որևէ վնաս պատճառելու: Թույնը դուրս ծծել չի կարելի միայն այն մարդուն, ում բերանում բաց, արնահոսող վերք կա:

* Ապա տուժողին հանգիստ է պետք: Լավ կլինի, եթե տուժողը պառկի և ընդհանրապես չշարժվի: Սա կդանդաղեցնի թույնի տարածումը օրգանիզմում: Պետք է հեղուկներ խմել (ջուր, հյութեր, թեյ, ամեն ինչ, բացի սուրճից և ալկոհոլից), և ինչքան շատ, այնքան լավ: Հեղուկները օգնում են թույնն օրգանիզմից դուրս բերելուն:

* Տուժողին (ցանկալի է` պատգարակի վրա, որ նա ինքնուրույն չքայլի) պետք է հնարավորինս շուտ հասցնել մոտակա բուժկետ, որտեղ նա հետագա բժշկական օգնություն և հակաթույն կստանա: Ցանկալի է հիշել, թե ինչ օձ է կծել տուժողին: Օձի նկարագրությունը կօգնի բժիշկներին հասկանալու, թե ինչ հակաթույն է պետք: Որոշ դեպքերում բուժհաստատություններում տուժողներին արյան փոխներարկում են անում:

* ՉԻ ԿԱՐԵԼԻ կտրել խայթած տեղը: Դա միայն ինֆեկցիաների, վնասվածքների և այլ բարդությունների կհանգեցնի:

* ՉԻ ԿԱՐԵԼԻ վառել խայթած տեղը: Թեպետ վառելը «ժողովրդական» ամենահայտնի մեթոդներից է, մասնագետները պնդում են, որ այն բոլորովին անիմաստ է, քանի որ թունավոր ատամները մեկ սանտիմետրի չափ երկարություն ունեն,  փաստորեն թույնը մտնում է խորը` մկանային հյուսվածքների մեջ:

* ՉԻ ԿԱՐԵԼԻ ալկոհոլ օգտագործել: Այն ուժեղացնում է թույնի ազդեցությունը և դժվարացնում է օրգանիզմից հեռացնելը:

Կարիճներ

Գաբրիելյանն ասում է, որ Հայաստանում տարեկան լինում է կարիճի մոտ 10 խայթոցի դեպք: Հակաթույն չկա, բայց հիվանդանոցներում կարիճների խայթոցները բավական արդյունավետ բուժում են, և մահացու դեպքերի թիվը շատ փոքր է:

Կարիճները հիմնականում բնակվում են չոր ու տաք վայրերում, լեռների հարավային լանջերին, հաճախ` Արարատյան դաշտավայրում: Գաբրիելյանը պնդում է, որ կարիճներ կան մեր երկրի բոլոր մարզերում և հաճախ` տներում:

Հայաստանում կա երկու տիպի կարիճ:

Գույնզգույն կարիճ (Buthus eupeus): Սա դեղնադարչնագույն է և մուգ բծեր ու գծեր ունի մեջքի վրա: Երկարությունը մոտ 4-5 սմ է:

Սև կարիճ:  Ինչպես կարելի է եզրակացնել անվանումից, այս կարիճները մուգ գույն  ունեն և ավելի խոշոր են, քան գույնզգույն կարիճները: Եվ շատ թունավոր են, տարվա բոլոր եղանակներին: «Դրանք նեյրոտոքսիկ թույն ունեն, որը երբեմն ավելի վտանգավոր է, քան օձի թույնը», – ասում է Գաբրիելյանը:

Կարիճի խայթոցի տեղը ուժեղ ցավում է, կարմրում և բշտում: Սրտի ռիթմը արագանում է, մարմնի ջերմաստիճանը` բարձրանում, սկսվում է ուժեղ գլխացավ, սրտխառնոց:

Գաբրիելյանն ասում է, որ կարիճի խայթոցի դեպքում գրեթե առաջին օգնություն ցույց տալու կարիք չկա. անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել:

Դիտվել է 8645 անգամ:
Print Friendly

Leave a Reply