Կլոր սեղան նվիրված թրաֆիկինգի դեմ պայքարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 14, 2010 11:33

Այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպեցին «Քրեական արդարադատության հակազդումը մարդկանց թրաֆիկինգին. կապերը անդրազգային կազմակերպված հանցավորության հետ» կլոր սեղան քննարկումը:

Միջոցառումը կազմակերպվել էր` նշելու Հանցագործության կանխարգելման և քրեական արդարության ՄԱԿ-ի համագումարների 55-ամյակը, ինչպես նաև անդրադառնալու Հանցագործության կանխարգելման և քրեական արդարության ՄԱԿ-ի տասներկուերորդ համագումարին (2010թ. ապրիլի 12-19 ) և Հայաստանում համապատասխան իրավիճակին:

«Համընդհանուր մարտահրավերների  համապարփակ ռազմավարություններ. հանցագործության  կանխարգելման և քրեական արդարադատության  համակարգերը և փոփոխվող աշխարհում  դրանց զարգացման վերաբերյալ Սալվադորի  հռչակագիրը» ընդունվեց Հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի տասներկուերորդ համագումարի ժամանակ և ներկայացվեց Հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի իններորդ հանձնաժողովի նստաշրջանին 2010թ. ապրիլի 19-ին: Հռչակագրում նշվում է, որ մասնակից պետությունները մեծապես անհանգստացած են մարդու իրավունքների, իրավական պետության, անվտանգության և զարգացման հանդեպ կազմակերպված հանցավորության բացասական ազդեցությամբ:

Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող Դաֆինա Գերչևան  ասաց. «Մեր նպատակն է տեղեկացնել հանրությանը այն գործողությունների մասին, որոնք իրականացվում են Հայաստանում հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության գործընթացում մարդկանց թրաֆիկինգի կանխարգելման ոլորտում և տեսնել, թե ինչ է հնարավոր անել: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը ուրախ է աջակցել մարդկանց թրաֆիկինգի կանխարգելմանը, պայքարին և Հայաստանում իրավական պետության հզորացմանն ուղղված երկրի ջանքերը»:

ՀՀ Արտաքին  գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ  Ձյունիկ Աղաջանյանը խոսեց Հայաստանի կողմից ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայի կիրարկմանը վերաբերող խնդիրների շուրջ` ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-2012 թթ. գործողությունների ազգային ծրագրի մշակման լույսի ներքո:

Քննարկումը վարում էին նաև Իլոնա Տեր-Մինասյանը` Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավարը, Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչը, Գագիկ Ավետիսյանը` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը, Արմեն Բայբուրթյանը` ՄԱԿ-ի մշտական համակարգողի ավագ խորհրդատուն, Ջոն Մահերը` Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտանակատար, Անդրազգային հանցավորության հարցերի պատասխանատուն:

Կառավարության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և  ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ներկայացուցիչները քննարկեցին քրեական արդարադատության հակազդումը մարդկանց թրաֆիկինգին այն պարտավորությունների շրջանակներում, որոնք ստանձնել է Հայաստանը:

Դիտվել է 1651 անգամ:

Leave a Reply