Մինչև 2011-ը համավճարը կներդրվի առողջապահական ոլորտ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 14, 2010 10:07ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ` քննարկելու համավճարի ներդրումը հիվանդանոցների ծառայությունների մատուցման շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մեթյու Ջոուեթը, հայաստանյան գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը, Համաշխարհային բանկի առողջապահության հարցերով մասնագետ Օուեն Սմիթը, երևանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են համավճարի ներդրման սցենարային տարբերակները և ժամկետները, հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցման նոր ֆինանսական մեխանիզմների մշակման ու ներդրման սկզբունքները:
Ներկայիս բյուջետային սուղ ֆինանսական պայմաններում հյուրերը ողջունել են համավճարի համակարգի ներդրումը: Որպես ներդրման վերջնաժամկետ նշվել է 2011-ի հունվարի 1-ը, իսկ մինչ այդ կարևորվել է հանրությանը նոր համակարգին նախապատրաստելու և շահագրգիռ կողմերին գործընթացում ներգրավելու պայմանը:
Վերջիններս պատրաստակամություն են հայտնել մինչև համակարգի ներդրումը ոլորտում մշտադիտարկում, հետազոտություններ, ինչպես նաև վերլուծություններ իրականացնել:






Facebook
Tweet This
Email This Post
