Որդին մեղադրվում է մորը խոշտանգելու եւ սպանության փորձ կատարելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2010 10:55

Ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը խոշտանգելու եւ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը հոր մահից հետո` 2002 թվականից, զբաղվել է հարբեցողությամբ, ձեռք բերել ալկոհոլից կախվածություն եւ տեւական ժամանակ բռնություն գործադրել մոր` Ս. Թաթարյանի նկատմամբ: Նա պարբերաբար ծեծել է, հայհոյել, նվաստացրել մորը` իր դիտավորյալ գործողություններով մարմնական եւ հոգեկան տառապանքներ պատճառելով նրան:

2010թ. հունվարի 4-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Հակոբյանը մորից պահանջել է, որպեսզի վերջինս անձամբ բերի աստիճանը` պարտադրելով նրան գլուխն անցկացնել իր կողմից նախապես պատրաստված եւ բակի թարմայից կախված օղի միջով: Այնուհետեւ նա աստիճանը մի կողմ է հրել` այդկերպ փորձելով ապօրինաբար կյանքից զրկել Ս. Թաթարյանին: Վերջինիս ոտքերը մնացել են օդում, նա կորցրել է գիտակցությունը, սակայն օղի լայն լինելու պատճառով Ս. Թաթարյանի գլուխը դուրս է եկել օղից, ու նա ընկել է գետնին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Այս մասին հաղարդում է ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply