Կայծակից 2 մարդ է զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2010 10:50

Փլուզումներ

Մայիսի 13-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գյումրիի Աբովյան փողոցի 1-ին նրբանցքի  86-րդ տան պատը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է 1930-ական թվականներին կառուցված միահարկ քարաշեն տան հյուրասենյակի պատը` 8 քմ մակերեսով:

Տուժածներ չկան:

Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ` անվտանգության հարցերով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանը:

***

Նույն օրը, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գավառի Սայաթ-Նովա փողոցի 15-րդ տան` մոտ 50 քմ մակերեսով պատը, ինչի հետեւանքով փակվել է Գավառ գետի ջրանցքի հունը:

Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 10.27-ին փրկարարների ուժերով բացվել է հունի մեկ մետրանոց հատվածը:

Ջրի մակարդակի բարձրացում տեղի չի ունենում: Տուժածներ չկան:

Հրդեհ տանը

Նույն օրը, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Տարոն-2 թաղամաս 12ա/9 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել` ժամը 17.59-ին:

Հովհաննիսյանին պատկանող բնակարանում այրվել է մահճակալ` 3 քմ մակերեսով:

Ջրածածկվել են հողատարածքներ

Նույն օրը, ժամը 17.05-ին Արարատի մարզի Դեղձուտի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ Ազատ գետի վարարումից ջրածածկվել են գյուղի մշակովի հողատարածքները:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ գետի վարարման հետեւանքով վնասվել է գյուղի` մոտ 130 մ երկարությամբ դաշտամիջյան ճանապարհը, ջրածածկվել են մոտ 1500 քմ մակերեսով բերքատու այգիներ:

Վնասի չափերը ճշտվում են:

Զոհեր` կայծակից

Նույն օրը, ժամը 17.30-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ Արտանիշ գյուղին հարակից տարածքում դիակ կա, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17.35-ին «1-03» ծառայության աշխատակիցների հետ դեպքի վայր է մեկնել Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի պետը:

Արտանիշ գյուղին հարակից սարում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, 1996 թ. ծնված Սուրեն Գաբրիելյանի դին:

Ըստ բժշկի` Գաբրիելյանը զոհվել է կայծակնահարումից:

***

Նույն օրը, ժամը 19:30-ին նմանատիպ ահազանգ է ստացվել Գավառի ոստիկանության բաժնից:

Դեպքի վայր մեկնած` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով Գավառ-Սեւան ավտոճանապարհին գտնվող Հայրավանք եկեղեցուն հարակից ճահճուտից դուրս է բերվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972 թ. ծնված Սուրեն Սահակյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Ըստ ականատեսների` Սահակյանը զոհվել է կայծակնահարումից:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply