Մևլութ Չավուշօղլուն խոստանում է Հայաստանի հանդեպ այսուհետ լինել անկողմնակալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 13, 2010 23:32
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն մայիսի 13-ի ասուլիսում ամփոփեց երևանյան երկօրյա այցի արդյունքները: Նա, մասնավորապես, գերազանց գնահատեց Վեհաժողովում հայկական պատվիրակության և վերջինի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ Հայաստանը հետամուտ կլինի Վեհաժողովի հանձնարարականների կատարմանը:
Ի պատասխան լրագրողի հիշեցմանը, նա չցանկացավ մեկնաբանել տարիներ շարունակ ԵԽԽՎ–ում իր` որպես Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի, ի նպաստ Ադրբեջանին և ակնհայտ ընդդեմ Հայաստանի արած հայտարարությունները: Մ.Չավուշօղլուն վստահեցրեց, որ որպես ԵԽԽՎ–ի նախագահ իր գործունեության գերակայություններից է համարում Վեհաժողովի բոլոր 47 անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի նկատմամբ օբյեկտիվ, հավասարակշիռ և անկողմնակալ վերաբերմունքի ապահովումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ–ում ենթահանձնաժողովի վերստեղծման կապակցությամբ իր նախաձեռնությանը, նա նշեց, որ դա բխում է Վեհաժողովի 2005թ.-ին ընդունած թ.1416 բանաձեւի հանձնարարականից, եւ որ այս հարցը, ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի մահից հետո, շուրջ մեկ տարի գտնվում է Վեհաժողովի Բյուրոյի օրակարգում: Վերջնական որոշում դեռեւս չկա, և ներկայումս հարցը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ ոչ պաշտոնական քննարկման ու համաձայնեցման փուլում է:
Լրագրողներին հետաքրրքող հարցերից էր նաև, թե ինչու է ԵԽԽՎ–ի նախագահը հրաժարվել այցելել 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մ.Չավուշօղլուն նախ հայտարարեց, որ Վեհաժողովի կանոնակարգում չկա այս կամ այն վայր այցելել պարտադրող դրույթ, ապա` հայտնեց, որ դա իր անձնական որոշումն է: ՙԵս հարգում եմ ձեր կարծիքները, բայց բոլորը նաև պետք է հարգեն իմ որոշումը՚,-ասաց նա:
Մ.Չավուշօղլուն մայիսի 14-ին կմեկնի Երևանից, սակայն հուսով է հոկտեմբերին կրկին
այցելել Հայաստան մասնակցելու Երեւանում անցկացվելիք ՙԺողովրդավարության ապագայի համար՚ համաժողովին:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
