«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանագարանի` Էրեբունի քաղաքի միջնաբերդի մոտ կտեղադրվի ամֆիթատրոն
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 13, 2010 23:13
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանագարանի` Էրեբունի քաղաքի միջնաբերդի մուտքի մոտ կտեղադրվի ժամանակավոր ամֆիթատրոն: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց արգելոց-թանգարանի տնօրեն, «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը, ամֆիթատրոնը կներառի մոտ 500 տեղ, որտեղ հնավայր այցելողները հնարավորություն կունենան տեսնելու պատմահնագիտական տեղանքի մեծ մասը` մեկ կետից:
Արգելոց-թանգարանի տնօրինությունը նածաձեռնել է նաեւ ստեղծել ներկայացում` առանց դերասանների, լուսային եւ ձայնային լուծումներով: Ներկայացումը կբեմադրվի վիպագիր Հայկ Խաչատրյանի` Էրեբունի քաղաքի պատմությանը վերաբերող գեղարվեստական գրքի հիման վրա: «Էրեբունի հնավայր են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ, եւ ներկայացման միջոցով նրանք երեկոյան ժամերին կարող են բավականին շատ ինֆորմացիա ստանալ հնավայրի պատմության մասին: Ներկայացման ստեղծման որոշ աշխատանքներ արդեն արվել են»,- ասաց Գ.Գյուրջյանը:
Աշխարհի շատ պատմական քաղաքներում հնավայրում ներկայացում բեմադրելն ընդունված եւ արդյունավետ միջոց է պատմական տեղանքին հնարավորինս լավ ծանոթացնելու, սպառիչ տեղեկություն հաղորդելու իմաստով. այդպես են վարվել նաեւ Պարսկաստանում` Պերսեպոլիսի, նաեւ Եգիպտոսում` բուրգերի ներկայացման ժամանակ: Էրեբունի հնավայրի վերականգնման աշխատանքներից խոսելով` Գ.Գյուրջյանն ասաց, որ մանավանդ վերջին անձրեւներից բավական վթարային վիճակում են գտնվում հուշարձանները, փլվածքներ կան քաղաքի մջջնաբերդի պատերից:
Արգելոց-թանգարանի տնօրինությունը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` այդ փլվածքներն առաջնահերթ վերականգնելու համար: Միջնաբերդի հիմնական տեսքը վերականգնելու նպատակով առայժմ կարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ: «Էրեբունի հնավայրում միակ պեղված կառույցը` միջնաբերդը, որպես մ.թ.ա. առաջին հազարամյակի մշակութային արժեք, գրեթե լիարժեք վերստեղծվել է խորհրդային տարիներին:
Այն կրկին վերականգնելու համար պետք է օգտագործենք նախկին սկզբունքը, որպեսզի հնավայրի ինքնատիպությունը չխաթարվի: Բացի անձրեւաջերերից, կառույցին մեծ վնաս է պատճառում նաեւ փլվածքների շրջանում հողե պատերին աճող բուսականությունը: Պատմագիտական հնավայրն անընդհատ խնամք եւ վերականգնողական աշխատանքներ է պահանջում»,- ասաց նա: Էրեբունի հնավայրն ընդգրկում է շուրջ 30 հա տարածք, որն առաջկայում նախատեսված է ցանկապատել:
Վերկանագնողական եւ ցանկապատման աշխատանքներին մասնակցում է Երեւանի քաղաքապետարանը, ստեղծվել է համապատասխան մասնագետներից կազմված հանձնախումբ, որն այժմ անցել է նախագծահաշվային աշխատանքներին: «Հույս ունենք, որ եթե ոչ այս տարի, գոնե հաջորդ տարում ցանկապատումը կավարտենք, քանի որ հարակից շրջանում գտնվում է ավտոշուկան, դպրոցներ, բնակտարածքներ, որոնտեղից անարգել կարողանում են մտնել հնավայրի տարածք: Ցանկապատումից հետո կկարողանանք վերահսկել այդ ամենը, կլինեն անցակետեր` արգելոց-թանգարանի տարածք մտնելու համար»,- ավելացրեց Գ.Գյուրջյանը:
Մինչ այժմ այս հնավայրւմ պեղված եւ վերստեղծված է միայն միջնաբերդը, վերականգնվել է պալատական կառույցը, ավելի թույլ վերականգնողական աշխատանքներ են կատարվել պաշտամունքային եւ տնտեսական կառույցների մասով: Պետության կողմից արգելոց-թանգարանին այս տարի տրամադրվել է 15 մլն դրամ: Ֆինանսական միջոցներ ներգրավելու համար տնօրինությունը փորձում է նաեւ նեդրողների հետ աշխատել:
Հնավայրում այժմ պեղումներ են իրականացնում հայ-ամերիկյան եւ հայ-ֆրանսիական աշավախմբերը: Տնօրինությունը խստացրել է պեղումների գործընթացի կազմակերպումը, քանի որ դրանց ժամանակ հաճախ խաթարում են հուշարձանը: Առաջարկվում է պեղումներ կատարելիս կառուցել կամրջակներ, ծածկեր, համապատասխան տեղեր զբոսաշրջիկների համար: Նշենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանագարանի տարածքում գտնվում են Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ հնավայրերը:






Facebook
Tweet This
Email This Post
