Քուռ գետի հեղեղումների պատճառով Ադրբեջանում 30 մարդ անհետ կորել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 13, 2010 22:13
Քուռ գետի հեղեղումների պատճառով Սաբիրաբադի շրջանի 20 գյուղերի բնակչությունը տարհանվել և տեղավորվել է հարևան գյուղերում: Նրանց մի մասը տեղավորվել է Սաբիրաբադի մարզադաշտում բացված վրաններում: Շրջանի բնակիչներից մոտ 30 մարդ աղետի պատճառով անհայտ կորել են: Արդեն մի քանի օր է` այդ մարդկանցից որևէ լուր չկա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ, շրջանում խիստ աղետալի վիճակ է ստեղծվել: Հեղեղված գյուղերում տնային թռչունները, մանր և խոշոր եղջերավոր անասունների դիակները լողում են ջրի երեսին: Շրջապատում գարշահոտություն է տարածվել: Ջրի տակ մնացած տները հերթով փլվում են: Մուրսալի, Ուլուջալա, Հաշիմխանլը գյուղերի բնակիչներին փրկելու համար նավակները չեն բավականցնում: Թերթը հայտնել է, որ երեկ հայտնաբերվել է մայիսի 7-ին անհայտ կորած Գարագյունեյ գյուղի 18-ամյա բնակիչ Թառլան Իսրաֆիլովի դին: Այն առավոտյան հայտնաբերվել է ջրի մեջ ուռած վիճակում: Թերթը հայտնել է, որ Ադրբեջանի կառավարության՝ աղետի դեմ պայքարի, բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործողությունները պահանջվող արդյունք չեն տալիս՝ այդ բոլորն անկազմակերպ կատարելու պատճառով: Էկոլոգիայի և բնական հարստությունների նախարարության ազգային հիդրոօդերևութաբանության դեպարտամենտի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տնօրեն Էլնար Սուլթանովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանաան ծառայությանը հայտնել է, որ Մինգեչաուրի ջրամբարի մաքսիմալ մակարդակը 83 մ է, և ներկայում այն կազմում է 82,37 մ: «Հայտնի է, որ անձրևները կշարունակվեն առաջիկա երեք օրերին: Անձրևային է նաև Քուռ գետի ամբողջ հոսանքի տարածաշրջանը: Ջրամբար թափվող գետերի ջրի ավելացման հետ այն անընդահատ լցվելու է նաև օրերի տաքացման հետ սարերում ձնհալքի արդյունքում:
Ուրեմն ստիպված կլինեն ջրամբարը փրկելու համար ջուրը բաց թողնել Քուռ: Այս անգամ արդեն հեղեղումները կընդգրկեն Եվլաղի, Զարդաբի շրջանները», -գրել է թերթը: Թերթի այն հարցին, թե ինչու ամռան ամիսներին Մինգեչաուրի ջրամբարի մակարդակը չի իջեցվում՝ նման աղետներից խուսափելու համար, Ադրբեջանի ջրային տնտեսության երկարամյա աշխատակից մասնագետ Ալեսգեր Յուսիֆովն ասել է, որ «Ազերէներժի» ընկերությունը դա հատուկ չի անում, որպեսզի բարձր պահելով ջրի մակարդակը, էներգիա ստանալու համար հատկացված գումարները յուրացնի՝ դրա փոխարեն էներգիա արտադրելով ջրամբարում հավաքված հավելյալ ջրի հաշվին: Նրա խոսքերով, Սաբիրաբադում և Սալյանում հեղեղումների պատճառն այն է, որ ջրամբար թափվող գետերի վարարումներից ջրամբարի հողե պատնեշը քանդվելուց փրկելու համար սահմանվածից ավելի շատ ջուր է բաց թողնվել Քուռ, որն էլ Արաքսի հետ միանալով` տարածաշրջանում դուրս է եկել ափերից:
Ադրբեջանի կառավարությունն անկախացումից հետո տիղմի մաքրման աշխատանքներ չի կատարել ոչ Մինգեչաուրի ջրամբարում, ոչ էլ՝ Քռի գետաբերանում: Այս բոլորը միասին դարձել են այսօրվա մեծ աղետի պատճառը», -ասել է ջրային տնտեսության մասնագետ Ա.Յուսուֆովը:






Facebook
Tweet This
Email This Post
