ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2010 22:03

Մայիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև երկխոսության ամրապնդմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ասաց, որ Հայաստանը ցանկանում է կատարվող բարեփոխումները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, և, որպես Ազգային ժողովի նախագահ, ամեն ինչ անելու է դրանց իրականացման համար: Նա բարձր գնահատեց այդ ուղղությամբ ԵԽ-ի կողմից ցուցաբերվող զգալի աջակցությունը:

Մևլութ Չավուշօղլուն գոհունակությամբ նշեց, որ խորհրդարանն իրականացնում է իր դերը մշտական և ժամանակավոր հանձնաժողովների միջոցով, միաժամանակ կարևոր համարելով բարեփոխումները շարունակելը, և ԵԽԽՎ անունից պատրաստակամություն հայտնեց օժանդակել ու սատարել:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է կատարել պայմանավորվածությունները և պատասխանատու գործընկեր է:

Խոսելով ԵԽԽՎ –ում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մասին` Մևլութ Չավուշօղլուն ասաց, թե դա իր նախաձեռնությունը չէ, և այդ հարցը օրակարգում եղել է իրենից առաջ: Այդուհանդերձ, եթե անգամ այդ ենթահանձնաժողովը ստեղծվի, այն չի կարող կրկնօրինակել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, նման մանդատ չունի:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը , վերահաստատելով, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, նշեց, որ ցանկացած այլ միջնորդություն կխանգարի գործընթացին: Հովիկ Աբրահամյանի խոսքերով` Հայաստանի համար շատ կարևոր են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը: Նշելով, որ Հայաստանը ցանկանում է հարևանների հետ ապրել խաղաղ պայմաններում և բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով` ՀՀ Ազգային ժողովի նախագահը ասաց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն և սահմանները բացվեն առանց նախապայմանների:

Մևլութ Չավուշօղլուն ասաց, որ առկա է հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք, բայց պետք է ընդունել նաև դժվարությունների գոյությունը: Նա համոզմունք հայտնեց, որ երկու կողմերն էլ ցանկանում են հաղթահարել այդ դժվարությունները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը բավական բարդ և զգայուն գործընթաց է, և չնայած այն այժմ կասեցված է, Հայաստանը պատրաստ է անդրադառնալ գործընթացին, եթե նկատվեն այդ ուղղությամբ գործուն քայլեր Թուրքիայի կողմից, և այնտեղ արձանագրությունները վավերացվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply