ԱԺ խմբակցությունների անդամները հանդիպեցին ԵԽԽՎ նախագահի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2010 21:42

Մայիսի 13-ին ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն հանդիպեց Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Դավիթ Հարությունյանի, Արտակ Զաքարյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արամ Սաֆարյանի, Նաիրա Զոհրաբյանի և «Օրինաց երկիր» խմբակցության անդամներ Արծրունի Աղաջանյանի, Իշխան Խաչատրյանի և Գագիկ Բաղդասարյանի հետ:

Դավիթ Հարությունյանը, ողջունելով հյուրին, հույս հայտնեց, որ նրա այցը կնպաստի Ազգային ժողովի և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի միջև համագործակցության խորացմանն ու սերտացմանը:

Մեվլութ Չավուշօղլուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ ինքը` որպես Վեհաժողովի նախագահ, կարևորում է անդամ պետությունների միջև հարաբերությունների խորացումը և պատրաստ է օբյեկտիվ և հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել բոլորի հանդեպ:

Պարոն Չավուշօղլու խնդրանքով կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները իրենց դիրքորոշումները հայտնեցին Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, օրենսդրական բարեփոխումների ընթացքի և մարտիմեկյան դեպքերի մեղավորների բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ԵԽԽՎում ժամանակավոր ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարը ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը անընդունելի համարեց, քանի որ նախ` այդ հարցի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, ապա` Չավուշօղլուն, որը Թուրքիայի սուբյեկտիվ և ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրած իշխող կուսակցության հիմնադիրն ու ներկայացուցիչն է, չի կարող անկողմնակալ լինել: Լրատվամիջոցների ազատության հարցին անդրադառնալով` տիկին Զոհրաբյանը մասնավորապես տեղեկացրեց, որ ամռանը կհայտարարվի հաճախականությունների մրցույթը և Ա1+ –ը մրցույթում հաղթելու դեպքում հնարավորություն կունենա վերսկսելու իր աշխատանքները եթերում:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը, բարձր գնահատելով պարոն Չավուշօղլուի ակտիվ գործունեությունը, համոզմունք հայտնեց, որ փոխվստահությամբ ու աջակցությամբ է միայն հնարավոր Հայաստանի և Թուրքիայի եվրաինտեգրումը: Նա տեղեկացրեց, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարը իր կուսակցության համար ևս անընդունելի է. հարցի լուծումը իրենք տեսնում են միայն Մինսկի խմբի շրջանակներում: Նա թուրք դիվանագետին կոչ արեց մնալ ԵԽԽՎ նախագահ և ոչ թե Թուրքիայի ներկայացուցիչ:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում հետևողական քայլեր է անում` հաշվի առնելով եվրոպական երկրների փորձը, և հույս հայտնեց, որ մեր երկիրը պատրաստակամ է այսուհետ ևս սերտացնել հարաբերությունները ԵԽԽՎի հետ: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ենթահանձնաժողով ստեղծելուն, պարոն Զաքարյանը թուրք դիվանագետին կոչ արեց ձեռնպահ մնալ այդ նախաձեռնությունից, որի բացասական ազդեցությունը ավելի մեծ կլինի, քան օգուտը: Հայաստանի համար ընդունելի է միայն խնդրի կարգավորման Մինսկի ձևաչափը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նկատեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները ցանկացած գնով չվավերացնելու Թուրքիայի դիրքորոշումը 1992 թ.-ից ի վեր չի փոխվել, և նա շարունակում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ադրբեջանամետ քաղաքականությունը: Նա հավաստիացրեց, որ Թուրքիան ավելի մեծ ազդեցություն կունենար տարածաշրջանում, եթե անկողմնակալ դիրքորոշում որդեգրեր:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ աշնանը Ընտրական օրենսգրքի լրամշակված տարբերակը պատրաստ կլինի, որից հետո այն կուղարկվի Վենետիկի հանձնաժողով` եզրակացություն ստանալու համար: Նրա կարծիքով` այն խորհրդարանում պետք է ընդունվի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ: Բանախոսը ներկայացրեց նաև ոստիկանության և դատաիրավական բարեփոխումների ընթացքը: Անդրադառնալով մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքներին` պարոն Հարությունյանը նկատեց, որ հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակներում կարելվույն ամեն ինչ արել է, բայց մեղավորներին բացահայտելու ուղղությամբ անելիքներ շատ կան, և քննչական մարմինները շարունակում են նախաքննություն իրականացնել:

Մեվլութ Չավուշօղլուն հավաստիացրեց, որ ինքը միշտ կողմ է եղել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, այնինչ մամուլում երբեմն հակառակը հաստատող ապատեղեկատվություն է տարածվում: Ինքը` որպես ԵԽԽՎ նախագահ, միշտ էլ անաչառ ու հավասակշիռ մոտեցում է ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցերում: Ինչ վերաբերում է ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարին, այդ հարցը օրակարգում եղել է մինչև իր նախագահությունը և միայն բյուրոն կորոշի` թողնել այդ հարցը օրակարգում, թե` ոչ:

Նույն օրը ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը և Զարուհի Փոստանջյանը:

ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն իրազեկելով իր հանդիպումների վերաբերյալ և կարևորելով ընդդիմության դերը ժողովրդավարության զարգացման գործում, տեղեկացրեց, որ այցելել է Հայաստան` քննարկելու ԵԽ առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր: Ըստ նրա, Հայաստանում կան խնդիրներ, որոնք բարեփոխման կարիք ունեն: Այդ առումով նա մատնանշեց ՀՀ ընտրական օրենսգրքի, ոստիկանության, դատաիրավական համակարգերի բարեփոխման կարևորությունը, բազմակարծության վերաբերյալ հարցերի արծարծումը և այլն:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ողջունելով հյուրին, նկատեց, որ խմբակցությունը ցավով է ընդունել այն հանգամանքը, որ ԵԽԽՎ նախագահի նախապես ծրագրված պաշտոնական այցը փոխարինվել է աշխատանքային այցով, ինչը պայմանավորված է եղել հայ ազգի ապրիլյան ողբերգությունը չկիսելու ցանկությամբ: Ստյոպա Սաֆարյանը նկատեց, թե անկախ այն հանգամանքից` Թուրքիան ընդունել է թե ոչ հայոց ցեղասպանության փաստը, ԵԽԽՎ նախագահը կարող էր զուտ մարդկայնորեն կիսել անմեղ զոհերի հայ ազգի վիշտը: Հարցի կապակցությամբ Ստյոպա Սաֆարյանը ԵԽԽՎ նախագահին հանձնեց «Ժառանգություն» խմբակցության ուղերձը:

«Ժառանգություն» խմբակցության անդամներն անդրադարձան նաև հայթուրքական հարաբերությունների կարգավորման և ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ հարցերին: Նրանք նկատեցին, որ հարգելով ցանկացած կարծիք` անընդունելի են համարում ԵԽԽՎ նախագահի այնպիսի հայտարարությունները, որոնցով ժխտվում է հայոց ցեղասպանության փաստը և նաև հայտարարվում, թե Հայաստանի Հանրապետությունն ագրեսիայի է ենթարկել Ադրբեջանի Հանրապետությունը և նրա որոշ տարածքներ գտնվում են նրա վերահսկողության ներքո: Նշվեց նաև, որ խմբակցությունն անընդունելի է համարում ԵԽում ենթահանձնաժողովի ստեղծումը, որը պետք է զբաղվի ԼՂՀ խնդրի կարգավորմամբ և որն, ըստ տեղեկությունների, ցանկություն է հայտնել ղեկավարել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն:

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության բարձրացրած հարցերին` ԵԽԽՎ նախագահը նկատեց, որ ենթահանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունն իրենը չէ. և որ դա եղել է ԵԽԽՎ օրակարգում դեռ մեկ տարի առաջ` մինչ իր ընտրվելը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում:

Անդրադառնալով հայթուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, ԵԽԽՎ նախագահը նկատեց, որ կողմնակից է սահմանների անմիջապես բացմանը և կոչ է անում երկու երկրների խորհրդարաններին` վավերացնել արձանագրությունները:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply