Ծիծեռնակաբերդ այցելելուց խուսափողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2010 16:00
  • ՚ Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հուշահամալիր չայցելելու` ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չաուշօղլուի որոշումը ՙԺառանգություն՚ կուսակցությունը և խորհրդարանական խմբակցությունը գնահատում են որպես եվրոպական հեղինակավոր կառույցի ղեկավարին ոչ վայել պահվածք, ինչի վերաբերյալ խմբակցության պատգամավորները կհայտնեն նաև անձամբ նրան` վերջինիս հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ:

Անթույլատրելի ենք համարում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Եվրամիության ուղղակի ընտրվող օրենսդիր մարմնի` Եվրոպական խորհրդարանի 1987, 2000, 2002 և 2005 թվականների որոշումների ոգուն դեմ է գործում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մերօրյա ղեկավարը` առաջնորդվելով ազգայնամոլին բնորոշ քմահաճությամբ: Դա մարտահրավեր է նաև համամարդկային նորմերին, եվրոպական արժեքային ուղենիշներին ու եվրոպական ընտանիքին ինտեգրվել հավակնող Թուրքիայի նկրտումներին:

Նման վարվելակերպով պարոն Չաուշօղլուն բացահայտ խոստովանում է, որ ինքն իրեն նույնացնում է ոչ թե եվրոպական ժողովուրդների բազմազգ ընտանիքի` ժողովրդավարական գործընթացներին և մարդու իրավունքներին հետամուտ ազդեցիկ կառույցի ղեկավարի, այլ թուրք մի պաշտոնյայի հետ, ով, այս պահին զբաղեցնելով ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը, ձգտում է ի շահ Թուրքիայի ղեկավարների և կրտսեր եղբայր Ադրբեջանի` ըստ ամենայնի օգտագործել կառույցի լծակները:

Ցեղասպանված ու հայրենազրկված հայ ժողովրդի ողբերգությունը մերժելու բարդույթից դրդված` պաշտոնական այցը աշխատանքայինով սքողած և Ծիծեռնակաբերդ այցելելուց հրաժարված Մևլութ Չաուշօղլուին ՙԺառանգությունը՚ դիտարկում է իբրև Թուրքիայի այն քաղաքական գործիչներից մեկը, ով իր հայտարարություններով և քաղաքական գործելակերպով ներկայանում է որպես քեմալաբոլշևիկյան դավադիր գործարքի ժամանակակից հետևորդ:

Այսքանից հետո ակնհայտ է, թե ինչ նպատակներ է հետապնդում պարոն Չաուշօղլուն ԵԽԽՎում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցով ենթակոմիտեի նորովի կազմավորման ուղղությամբ ձեռնարկած անթաքույց քայլերով: ՙԺառանգությունը՚ սույն հայտարարությամբ թուրքազգի քաղաքական գործչի, նրա համախոհների և հնարավոր պատվիրատուների համար կրկին անգամ բարձրաձայնում է, որ իրականում հիմնահարցը դեֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային դեյուրե ճանաչումն է, իսկ խնդիրը Ադրբեջանի բռնազավթած` Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով Արցախին պատկանող տարածքների վերադարձն է: ԵԽԽՎ ղեկավարները կարող են և պարտավոր են միջնորդ հանդիսանալ այս հարցերը խաղաղությամբ հանգուցալուծելու համար:

ՙԺառանգությունը՚ Հայաստանի Հանրապետության իշխանություններին դարձյալ հորդորում է պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացած անկախությունը: Իսկ Ծիծեռնակաբերդ չայցելող որևէ թուրք կամ այլազգի անձ չի կարող ջնջել կամ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը, Մեծ հայրենազրկումը և բովանդակ հայության արդար դատն ու իրականանալի տեսլականը:

ՙԺառանգություն՚ կուսակցություն և խմբակցություն

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply