Հայաստանը Տաջիկստանին 100 հազար դոլար օգնություն կտրամադրի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 13, 2010 16:20
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ուր ներառված են կառավարության հավանությանն արժանացած ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգից բխող մի շարք նոր հասկացություններ եւ դրույթներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է օրինագծի` միջազգային պատշաճ փորձաքննություն անցնելու փաստը։ Միեւնույն ժամանակ վարչապետը նշել է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը խիստ նուրբ է եւ հաճախ է քաղաքական շահարկման առարկա դառնում։ Նա հավաստել է, որ նոր օրինագիծը հնարավորություն է տալիս մեր երկրում զարգացնել քաղաքական, մշակութային, կրթական, մանկական հեռուստահաղորդումները, բավարարել բնակչության բոլոր խավերի պահանջարկը, ապահովել առողջ մրցակցություն, բայց եւ կուլ չգնալ շուկայական տնտեսության թելադրանքին։
Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու եւ ՀՀ ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանց ընդունումը բխում է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցները զարգացնելու անհրաժեշտությունից։
Վերոհիշյալ երեք նախագծերը կառավարությունն իր որոշումներով համարել է անհետաձգելի։
Կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է հստակեցնել օրենքի որոշ դրույթներ, կարգավորել օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունները եւ խթանել զբաղվածության ոլորտում ակտիվ եւ արդյունավետ քաղաքականության իրականացումը։
Գործադիրը մայիսի սկզբին Տաջիկստանի Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով որոշել է Տաջիկստանի կառավարությանը տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։






Facebook
Tweet This
Email This Post
