Գերազանց խաղացած կյանք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 14, 2010 10:27

Ռուբեն Մամուլյան

Ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը   ծնվել ու մեծացել է Թիֆլիսում. այստեղ է անցել  նրա անհոգ մանկությունը: Բեհբութովի  42 հասցեում  գտնվող  հայրական տանն ապրել է  ապագա աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի հարևանությամբ: Վիկտորը և  Ռուբենը միասին են հաճախել  Թիֆլիսի երրորդ արական գիմնազիան:  Մայրը` դերասանուհի Վերգինե Մամուլյանը, տարիներ շարունակ խաղացել է Հայկական արտիստական ընկերության բեմում  ու  տարիներ անց դարձել  այդ ընկերության տնօրենը: Հայրը` ռուսական բանակի պաշտոնաթող սպա Զաքարիա Մամուլյանը, երբ  իմացել է, որ  որդին մտադիր է նվիրվել բեմական գործին, շատ է վշտացել: Նա  հույս  ուներ, որ Ռուբենը  կընտրի  այլ` ավելի լուրջ  մասնագիտություն: Բայց արի ու տես`  որոշել է դերասան դառնալ: Մոր խորհրդով Ռուբենը ստեղծեց  դերասանական ստուդիա. սցենարներ էր գրում, բեմադրում ու խաղում գլխավոր դերերում:

Բեմի լույսերը

Հոր երազանքներին վիճակված չէր իրականություն դառնալ: Սակայն, փոխզիջումային որոշման համաձայն, Ռուբենն ընդունվեց   Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Հայրը թեթևացած շունչ քաշեց. ի՞նչ իմանար, որ Մելպոմենեի ստվերն ամենուրեք հետապնդելու է որդուն: Մի անգամ համալսարանում Ռուբենը հայտարարություն նկատեց. «Թատրոնով հետաքրքրվող պարոնայք ուսանողները հրավիրվում են  այցելելու  Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Եվգենի Վախթանգովի երեկոյան դասընթացներին»: Հաջորդ իսկ օրը Ռուբենն արդեն ԾղԸՁ-ում էր: Սակայն, մի քանի ամիս անց ծավալված հեղափոխական գործողությունների պատճառով Մամուլյանը վերադարձավ Թիֆլիս: Շուտով այստեղ էլ իրադրությունը սրվեց,  և Ռուբենը մեկնեց Լոնդոն քրոջ` Սվետլանայի մոտ, որ  Թիֆլիսի օկուպացման ժամանակ ամուսնացել էր անգլիացի սպայի հետ:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում աշխատանք ճարելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Մի անգամ Ռուբենը հանդիպում է իր ծանոթին` Մարինինյան թատրոնի նախկին արտիստ Գ. Մակարովին. նա ցանկանում էր խումբ հավաքել ու Անգլիայով մեկ հյուրախաղային շրջագայություն կազմակերպել, բայց ռեժիսոր չուներ:

– Ինձ վերցրու,- խնդրում է Ռուբենը,- չէ՞ որ ես հենց Վախթանգովի մոտ եմ սովորել:

– Դու, ախր, լրիվ երեխա ես. ի դեպ, քանի՞ տարեկան ես:

– 24,- պատասխանում է Ռուբենը:

– Դու հասկանու՞մ ես, որ ոչ ոք քեզ լուրջ չի ընդունի: Ու չեն ցանկանա աշխատել քեզ հետ:

– Ինձ լավ չես ճանաչում,- առարկում է Ռուբենը,- արի այսպես անենք. ինձ փող հարկավոր չէ, ես անվճար կաշխատեմ: Երբ համապատասխան մասնագետ ճարես, կհեռանամ:

Մակարովին առաջարկությունը դուր եկավ, իսկ 3 օրից… ռեժիսորն ու թատերախումբը սիրահարված էին միմյանց:

Մի անգամ Ռուբենը նկատեց , որ փորձերին 2 տղամարդ նստում են  վերջում ու կարծիքներ փոխանակում: Այդ  այցելուները լոնդոնյան հին թատրոնի մենեջեր Ալեքսանդր Նետերսոլն ու դրամատուրգ Օստին Փեյջն էին: Նրանց այցելությունների արդյունքում մի հետևություն արվեց` երիտասարդը` Մամուլյանը, իսկապես տաղանդավոր է: Շուտով նրան առաջարկվեց Օ. Փեյջի  «Դռան թակոց» պիեսի բեմադրությունը: Գրաքննությունն ու թատերական քննադատները նկատեցին, որ պիեսը բավական թույլ է, դերասանական խաղը` նույնպես, սակայն բարձր գնահատվեց բեմադրության երաժշտական մասը: Մի բան կար, որ գրավել էր  նաև «Ելիսեյան թատրոն»  փարիզյան համալիրի ղեկավար Ժակ Էբերտոյին: Նա առաջարկեց Մամուլյանին դառնալ իր թատրոնի ռեժիսորներից մեկը` Լուի Ժուվեի ու Ֆյոդր Կոմիսարժևսկու (Վերա Կոմիսարժևսկայայի կրտսեր եղբայրը) կողքին: Սակայն Մամուլյանը Նոր աշխարհը գերադասեց Հնից:

1923-ին Ատլանտյան օվկիանոսը հատող շոգենավի տախտակամածի վրա նստած 2 տղամարդ զրուցում էին. նրանցից մեկը Ջորջ Իսթմենն էր` Kodak լուսանկարչական ապարատի ստեղծողը, մյուսի անունը Վլադիմիր Ռոզինգ էր. ոչ վաղ անցյալում Մարինինյան թատրոնի առաջատար տենոր և համերգներով շրջագայող էմիգրանտ, որ  Անգլիայի ռուսական համայնքում մեծ հեղինակություն ու հարգանք էր վայելում: Իսթմենը պատմում էր զրուցակցին  իր նոր բացած երաժշտական դպրոցի մասին, ու հանկարծ Ռոզինգն առաջարկում է.«Չե՞ք կամենում այդ դպրոցին կից  օպերային ստուդիա բացել»: Բիզնեսմեն Իսթմենը մտածելուց հետո պատասխանում է.«Վատ առաջարկ չէ: Բայց առանց  կարգին ղեկավարի հնարավոր չէ գործը գլուխ բերել: Դուք գիտե՞ք մեկին, որ կկարողանա այդ գործն անել»: Ռոզինգն առանց մտածելու պատասխանում է.«Ես ճանաչում եմ  նման մեկին, ու հավատացեք ինձ, նա մեծ ապագա ունի»:

Գրետա Գարբո

Մամուլյանին մանկուց էր գրավում Նոր աշխարհի ռոմանտիկան, առանց շունչ առնելու  կարդում էր Ջեկ Լոնդոնի ու Մարկ Տվենի գործերը: Գուցե դա էր պատճառը, որ նա հրաժարվեց Փարիզից`  հօգուտ Ամերիկայի: Պակաս գրավիչ չէր նաև առաջարկվող աշխատավարձը: 1923-ին Ռուբենը հաստատվեց  Ռոչեսթրում և աշխատանքի անցավ օպերային ստուդիայում. ղեկավարում էր ստուդիայի գեղարվեստական մասը:

Իսթմենի եկամտի հիմնական մասը ստացվում էր ֆիլմարտադրությունից ու  դրանց վաճառքից:  Դրանք «Իսթմեն թատրոնի»  ամենակարևոր խայծն էին, ու մեծաթիվ հանդիսատես գրավելու համար ֆիլմերը կենդանի ներկայացումներով էին համեմվում, որոնց շատ հաճախ մասնակցում էին հայտնի դերասաններ ու երաժիշտներ: Հենց այդպիսի մինչ- և հետէկրանային ներկայացումների մասին էր մտածում Իսթմենը, երբ բացեց  ստուդիան: Նա կամենում էր օպերային արվեստը մի նոր`  լայն հանրությանը  մատչելի մակարդակի հասցնել: Փորձարարությունը դուր եկավ Ռուբենին. նա սկսեց աշխատել բազմամարդ գեղեցիկ կոմպոզիցիաների ստեղծման վրա և կիրառել հանդիսատեսի զգայական ընկալումները խտացնող հատուկ հնարքներ: Հաճախ դրանք ֆիգուրների`  պատերի վրա շարժվող ստվերներ էին:

Նմանօրինակ ներկայացում էր Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտոյի» 3-րդ գործողությունը, որի մասին  հնչեցին հիացական խոսքեր, իսկ քննադատներն  ավետեցին նոր տաղանդավոր ռեժիսորի ծնունդը:

Մամուլյանի  տաղանդը

Նյու Յորքի թատերական միության ղեկավարը Լ.Լանգերն էր: Մի անգամ, երբ նա այցելեց Ռոչեսթր, Մամուլյանը համոզեց նրան դիտել իր աշխատանքներից մեկը: Բոսը գոհ էր. նրան հատկապես դուր եկավ երիտասարդ ռեժիսորի աշխատանքը դերասանների հետ: Նա Մամուլյանին առաջարկեց Նյու Յորքի արվարձանում գտնվող  թատերական գիլդիայի դպրոցում աշխատել: Ռուբենը համաձայնեց` հոգու խորքում երբևէ Բրոդվեյում փայլատակելու հույսով: Շուտով առիթը ներկայացավ. նրան առաջարկվեց Հեյվորդի  «Պորգի» պիեսը: Մինչ Մամուլյանը ոչ ոք չէր համարձակվել բեմադրել այդ պիեսը: Ու քանի որ այն սևամորթների մասին էր, Մամուլյանն ուղևորվեց Հարավային Ամերիկա` Հարլեմ,  ուր ծավալվում են պիեսի  դեպքերը: «Ես գլխառատ անողներից չեմ ու մտադիր չեմ սպիտակ դերասանին  գրիմով  սևամորթ ներկայացնել,- հայտարարեց նա ապշած պրոդյուսերներին:- Սևամորթների կյանքը հենց սևամորթները պետք է խաղան»: Մամուլյանի այս միտքը սևամորթ դերասանների համար նոր ուղի հարթեց դեպի բեմ: Պրեմիերան 1927-ին էր, ներկայացումը ցուցադրվեց 367 անգամ: Քննադատները միաբերան հիացած ու զարմացած կրկնում էին` ինչպես կարող է օտարերկրացին այդպես հավաստի փոխանցել նեգրական ոգին:

Հետագայում, երբ Գերշվինի «Պորգի և Բեսս» օպերան բեմադրելու համար Նյու Յորքի թատերական գիլդիան մեկ ուրիշ ռեժիսորի հրավիրեց, Գերշվինն անձամբ պնդեց Մամուլյանի թեկնածությունը: Գերշվինը խոնարհվում էր Մամուլյանի  տաղանդի առջև ու այդ է պատճառը, որ ընդունեց Մամուլյանի որոշ պայմաններ. պարտիտուրան կրճատեց, ինչը, համընդհանուր կարծիքով ավելի դրամատիկ ու  կուռ դարձրեց օպերան: Քննադատներն ըստ արժանվույն գնահատեցին աշխատանքը:

Այս հաջողությանը հաջորդեց  մեկ ուրիշը:

«Ծափահարություններ» ֆիլմի նկարահանման համար նա նոր հնարքներ էր ձեռնարկել:  Այդ նպատակի համար հաճախ էր հանդիպում օգնականների դիմադրությանը: Օրինակ` օպերատորին ստիպեց միանգամից 3 խցիկով աշխատել. այն ժամանակ դա պարզապես անիրական էր թվում: Հետո առաջարկեց միանգամից 2 բարձրախոս կիրառել` միաժամանակ հնչող երգն ու աղջկա աղոթքը ձայնագրելու համար, իսկ հետո դրանք ժապավենի վրա համադրեց: Նա առաջինն էր, որ խցիկը դրեց անիվների վրա. այն անընդհատ շարժվում էր` դինամիկա հաղորդելով ֆիլմին: Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին անգամ Մամուլյանը նկարահանումներ իրականացրեց ստուդիայից դուրս. երկաթուղային կայարանում, մետրոյում, երկնաքերի կտուրին կամ էլ Բրուքլինի կամրջի վրա, ինչը Նյու Յորքի քաղաքապետարանի օրենքի լուրջ խախտում էր:

Երբ նրան առաջարկվեց ռեկետի մեջ ներքաշված  պատանու ու աղջկա մասին ֆիլմ նկարահանել, նա Նյու Յորքից տեղափոխվեց Հոլիվուդ: «Քաղաքային փողոցները» ֆիլմը (1930) մեծ հաջողություն ունեցավ: Դա առաջին գանգստերական ֆիլմն էր «չոր օրենքի» ժամանակաշրջանում: Այս ֆիլմում առաջին անգամ ձայն հնչեց կադրի հետևում:

Մամուլյանի հետ շատ անվանի դերասաններ են համագործակցել:  Ասում են, որ Գրետա Գարբոն, տեսնելով Մարլեն Դիտրիխի խաղը «Երգ երգոց» ֆիլմում, ինքն առաջարկեց Մամուլյանին իր մասնակցությամբ ֆիլմ նկարել: Ճիշտ է դա, թե ոչ, դժվար է ասել,  բայց հաջորդ` «Քրիստինա թագուհի» ֆիլմում թագուհու դերում իսկապես հանդես եկավ Գրետա Գարբոն: Հեշտ չէր աշխատանքը Գարբոյի հետ, նա ատում էր փորձերը` պատճառաբանելով, որ դրանք խաղը զրկում են թարմությունից ու անգույն են: Ինտիմ տեսարանների ժամանակ, զուգընկերոջից ու օպերատորից բացի,  նկարահանման տաղավարում մեկ ուրիշի ներկայությունն արգելված էր: Մամուլյանը հանգիստ լսում էր նրա պահանջները, ցանկություններն ու առաջարկները, սակայն անում էր այնպես, ինչպես ինքն էր ճիշտ համարում: Նա հաղթեց: Հետո  Մամուլյանն ու Գարբոն  այնքան մտերմացան, որ նկարահանումներից  հետո ծածուկ ուղևորվեցին Արիզոնա:

Ռեժիսորական կարիերայի ավարտին նա ձեռնամուխ եղավ պաշտելի Շեքսպիրի «Համլետը» ժամանակակից անգլերեն փոխադրելուն: Աշխատանքը տևեց  10 տարի, սակայն շեքսպիրագետները բարձր են գնահատել այն:

Մամուլյանը ծերությունն անցկացրեց կնոջ հետ, որը տառապում էր ալկոհոլամոլությամբ: Նա խելացնոր էր, և ծառայողները ոչ մի կերպ և ոչ մի գնով չէին հարմարվում: Ծերուկները միայնակ էին` շրջապատված իրենց սիրելի 40 կատուներով, որոնք կեղտոտում էին ուր ասես:

Ի դեպ, ռեժիսորը կատուներ  ձեռք էր բերում 30-ականներից սկսած` յուրաքանչյուր անավարտ ֆիլմի դիմաց: Դրանցից էր «Մուսա լեռան 40 օրը», որի նկարահանումներն «ազատ» Ամերիկան Թուրքիայի ազդեցության տակ դադարեցրեց: Պետդեպարտամենտի պաշտոնյան ավելի քան վճռական էր. «Մենք չենք կարող դիվանագիտական աղմուկ թույլ տալ»: Հետագայում Թուրքիայի դեսպանն այս «իմաստուն» որոշման համար ամերիկյան իշխանություններին երախտագիտություն հայտնեց:

Իսկ Մամուլյանն իր սիրած Շեքսպիրի խոսքն այսպես շարունակեց. «Եթե ողջ աշխարհը թատրոն է, ու մարդիկ էլ` դերասաններ, ապա այս կյանքում ամենակարևորը լավ խաղալն է` անկախ պիեսի որակից»:

«Ереван»,

2009,օգոստոս

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply