Խաղեր Թբիլիսիում և Երևանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 13, 2010 15:41
Հայաստանի ներկայացուցիչները լրջորեն են նախապատրաստվում մայիսի 21-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկելիք մինչև 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր երկրի հանդբոլիստների հետ միասին միևնույն խմբում են ընդգրկված նաև Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի հավաքականները: Պայքարը շարունակելու իրավունք է ստանալու միայն մեկ հավաքական և, առաջին տեղի համար սուր մրցակցություն է սպասվում: Ընդ որում` բոլոր երկրներն էլ հանդբոլային են, և ուժեղ հավաքականներով են մրցավայր ներկայանալու: Հայաստանի հավաքականը, համալրված տասնվեց խաղացողներով, մարզիչներ Զեփյուռ Վանեսյանի և Արարատ Բարսեղյանի գլխավորությամբ ուղևորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և մայիսի 13-ին, 14-ին, 15-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի իր հասակակիցների հետ: Մայիսի 16-ին, 17-ին, 18-ին արդեն Հայաստանի պատանեկան հավաքականը Վրաստանի ընտրանիին կհյուրընկալի Երևանում: Կկազմակերպվեն նաև համատեղ ուսումնամարզական պարապմունքներ: Մայիսի 20-ին Հայաստանի ներկայացուցիչները կուղևորվեն մրցավայր: Ի դեպ, Հայաստանի պատանեկան հավաքականին Բելգրադում միանալու են Ֆրանսիայում բնակվող և մրցելույթներ ունեցող մեր վեց հայրենակիցներ: Հայաստանի հավաքականը վերջնականորեն կձևավորվի միայն ստուգատեսի մեկնարկից առաջ:






Facebook
Tweet This
Email This Post
