«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 13, 2010 12:29

Մայիսի 12-ին կայացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության մասնակիցների անդրանիկ հավաքը, որտեղ քննարկվեց կրթության և գիտության նախարարության` օտարալեզու դպրոցների բացման օրենսդրական նախաձեռնությունը։

Նախաձեռնող խմբի անդամները համարում են, որ.

Ա. Օտարալեզու դպրոցների բացումը դիվերսիա է հայոց լեզվի և անկախ պետականության նկատմամբ։

Բ. Նախարարության առաջարկած օրինագիծն ընդունելու դեպքում հայերենը կդառնա կենցաղային լեզու։ Մինչդեռ համակողմանի զարգացման համար հայոց լեզուն պիտի գործածվի կյանքի բոլոր ոլորտներում։

Գ. Կրթության և գիտության նախարարի նախարարի պնդումը, թե օտարալեզու դպրոցներն ավելի որակյալ կրթություն են ապահովում, ռասիստական վերաբերմունք է հայերեն լեզվամտածողություն ունեցողների նկատմամբ։ Հազարամյա գրական պատմություն ունեցող հայոց լեզուն ի զորու է ապահովելու ժամանակակից կրթական համակարգի բոլոր պահանջները։ Կրթության որակը պայմանավորված է ոչ թե դասավանդման լեզվով, այլ` ծրագրերով, դասավանդման սկզբունքներով, մասնագետների որակավորմամբ և կազմակերպչական դրվածքով։

Դ. Միաժամանակ, հայոց լեզվի մրցունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների և համաշխարհային գրականության թարգմանության լայնածավալ ազգային ծրագիր՝ նոր Թարգմանչաց շարժում։ Հատկապես անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային թարգմանիչ համակարգեր, օրինակ՝ Գուգլ թարգմանիչ (Google translate), ինչպեն նաև` զարգացնել առցանց հայելեզու պաշարները՝ Վիքիպեդիա ցանցային հանրագիտարանը և այլ շտեմարաններ։

Ե. Կրթության և գիտության նախարարի խոստովանությունը, որ ինքն անզոր է լուծել կրթական համակարգի խնդիրները և բարձրացնել հանրակրթական առարկաների, այդ թվում՝ օտար լեզուների դասավանդման որակը, կասկածի տակ է դնում նրա համապատասխանությունը այդ պաշտոնին։

Նախաձեռնող խումբը փորձելու է համակարգել օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարող ինքնաբուխ առաջացած խմբերի և անհատների գործողությունները` միասնական ուժերով պայքարելու համար ԿԳ նախարարության ինքնագաղութացնող ծրագրի դեմ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց գործողություների ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խումբը, որին անդամագրվել է շուրջ հազար հոգի, ստեղծվել է երկու շաբաթ առաջ Facebook սոցիալական ցանցում։ http://www.facebook.com/#!/group.php?gid=112426852127161&ref=ts

Արա Շիրինյան, Արամ Ապատյան, Արայիկ Հարությունյան, Գևորգ Գիլանց (Ռուդիկ Գևորգյան), Էդգար Առաքելյան, Միքայել Շահինյան, Ռուբեն Հակոբյան (Թարումյան), Վահան Իշխանյան

Դիտվել է 2000 անգամ:
Print Friendly

Leave a Reply