Բուհերում գործերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 12, 2010 12:15

Բուհական քննությունների ժամանակ դիմորդների վարքի կանոնակարգը խստացվել է:  Եթե հանձնաժողովի անդամները դիմորդի մոտ բջջային հեռախոս կամ ծածկագիր նկատեն, նրան անմիջապես դուրս կհանեն քննասենյակից և կնշանակեն անբավարար: Խոսելու և հուշելու համար նախատեսվում է նկատողություն, իսկ արարքը կրկնելու դեպքում արդեն հեռացում քննասենյակից:  «Նախորդ տարիներին դիմորդի ցանկացած խախտման դեպքում նախատեսվում էր զգուշացում, այս տարի կարգն ավելի խիստ կլինի »,- ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի     /ԳԹԿ/   մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:

Այս տարի քննությունները կկազմակերպվեն 38 քննական կենտրոններում՝ անցած տարվա 55-ի փոխարեն, քանի որ և՚ շրջանավարտների, և՚ դիմորդների թիվը նվազել է:

Այս տարի պետական բուհեր է դիմել 17665 շրջանավարտ՝ անցած տարվա 19164-ի փախարեն:  Դիմորդներից Հայոց լեզու և գրականության քննություն կհանձնեն 11162-ը, անգլերենից՝ 7787-ը, ֆիզիկայից՝ 4099-ը, քիմիայից՝ 1342-ը, կենսաբանությունից՝ 1766-ը, մաթեմատիկայից՝ 9290-ը:

Այս տարի ԳԹԿ որոշմամբ միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 1-23-ն ընկած ժամանակահատվածում:

Հունիսի մեկին տեղի կունենա միասնական քննություն «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաներից:  Դիմորդները  միասնական քննություն «Հայոց լեզու և գրականությունից» կհանձնեն հունիսի 4-ին, «Ֆիզիկայից»՝ 8-ին, Օտար լեզուներից՝ 11-ին, «Մաթեմատիկայից»՝15-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից՝  19-ին  և «Ռուսերենից»՝ հունիսի 23-ին:Իսկ մինչ քննությունները  բուհերի դիմորդները մայիսի 5-ից մինչև հունիսի մեկի երեկոյան ժամը 6-ը պետք է   պետական բուհեր ներկայացնեն  իրենց ընդունելության դիմում-հայտերը: Դիմորդները տեղում պետք է վճարեն 1500 դրամ  փաստաթղթերի ընդունման համար և եթե հանձնելու են նաև ներբուհական մասնագիտական քննություններ/օրինակ՝ Ստեղծագործական մրցույթ լրագրության համար կամ հայոց լեզու և գրականություն՝ բանավոր քննությամբ բանասիրական ֆակուլտետի համար/, ապա ևս 1500 դրամ յուրաքանչյուր մասնագիտական քննության համար:

Կարո Նասիբյան

Դիմորդները բուհական հայտում կարող են լրացնել 2 անվճար և 6 վճարովի հայտ:

Ընդունելությունների առաջին հիմնական փուլից հետո տեղի կունենա նաև երկրորդ՝ լրացուցիչ փուլը, որին  կկարողանան մասնակցել այս տարի բանակից  զորացրվածները, օտարերկրյա ուսումնական հաստատություններում ուսումն ավարտած Հայաստանի քաղաքացիները և այլ երկրների քաղաքացիները: Այս երեք կատեգորիաների դիմորդները քննությունների հայտ ԳԹԿ կարող են ներկայացնել հունիսի 24-ից մինչև հուլիսի մեկը, իսկ արդեն բուհերում հայտերը կարող են հանձնել մինչև հուլիսի 10-ը:

ԳԹԿ-ն լուծում է գտել նաև ոստիկանական ակադեմիայի դիմորդների համար, որոնք այլևս  չեն կարող առանց պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմել ոստիկանական ակադեմիա և նաև ուշացել են պետական բուհերի համար քննությունների հայտագրման առաջին փուլից: Այդ դիմորդները պետական բուհեր դիմում-հայտ պետք  է ներկայացնեն մինչև հունիսի 1-ը՝ մյուս դիմորդների նման, սակայն ԳԹԿ-ում քննությունների համար հայտ կներկայացնեն հունիսի 24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և կմասնակցեն Երևանում կազմակերպվող լրացուցիչ քննություններին:

Նասիբյանն ասում է, որ այս տարի դիմորդների թեստային քննաթերթիկի վրա նաև կնշվի դիմորդի սեղանի համարը և շարքը: Բացի այդ, դիմորդները պատճենահանման սարքին կմոտենան հերթով, որպեսզի վերջին պահին միմյանցից արտագրելու հնարավորություն չունենան:

Նասիբյանն ասում է, որ այս տարի դիմորդները բուհ պետք է ներկայացնեն նաև տեղեկանք դպրոցի տնօրենից, որը կփաստի, որ տվյալ անձը այս տարվա տվյալ դպրոցի շրջանավարտ է: Դպրոցից տրամադրված տեղեկանքի վրա պետք է նշված լինի նաև տվյալ շրջանավարտի անձնական համարը, որը յուրաքանչյուր դիմորդի համար սահմանել է ԳԹԿ-ն: «Եթե տեղեկանքի վրա անձնական համարը նշված չլինի, բուհերը դիմում-հայտը չեն ընդունի»,- ասում է Նասիբյանը:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply