Սողանք Լալվարի ստորոտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 13, 2010 10:59

Մայիսի 11-ին, ժամը 10.00-ին Ապարանի «Էներգոցանցշին»  ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Լալվար լեռան ստորոտին, տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել են էլեկտրական սյուներ:
Ժամը 10.30-ին դեպքի վայր են մեկնել ՀՀ ազգային  անվտանգության ծառայության, «Էներգոցանցշինի», «ԲԷՑ» ՓԲԸ-ի եւ Լոռու մարզային փրկարարական վարչության համապատասխան մասնագետները:
Դեպքի վայրում պարզվել է, որ Բուրդաձորի (Լալվարի) սահմանային ուղեկալի տարածքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով ընկել են բարձր լարման հոսանքի էլեկտրասյուներ, հոսանքազրկվել է ուղեկալը:
Մայիսի 12-ի, ժամը 08.00-ի դրությամբ` «ԲԷՑ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից շարունակվում է վթարավերականգնողական եւ ուղեկալի հոսանքի վերականգնմանն աշխատանքների իրականացումը:
Հրդեհ շենքի բակում

Մայիսի 12-ին, ժամը 08.23-ին եւ ժամը 17.55-ին ահազանգեր են ստացվել Երեւանի Սայաթ-Նովայի 1 եւ Բայրոնի 5 հասցեներում բռնկված հրդեհների մասին:
Դեպքի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհները մեկուսացվել են եւ մարվել` համապատասխանաբար ժամը 08.40-ին եւ 18.50-ին:
Շենքերի բակերում այրվել են բարձր լարման էլեկտրական վահանակներ եւ մալուխներ:
Ջուրը դուրս է եկել ափերից

Նույն օրը, ժամը 17.05-ին Արարատի մարզից ստացված ահազանգի համաձայն` Արտաշատի ջրանցքի Վեդու հատվածում ջուրն ափերից դուրս է եկել եւ լցվել հողատարածքները:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզային փրկարարական  վարչությունը, մարզի ջուրօգտագործողների ընկերությունը, ինչպես նաեւ Երեւանյան  լճի և «Հրազդան-կասկադի» հերթապահները:
Արարատի մարզի ջուրօգտագործողների ընկերության աշխատակիցների կողմից ջրի մի մասը ջրանցքից բաց է թողնվել հարակից ոռոգման ցանց:
Ժամը  22.35-ի դրությամբ` նշված հատվածում ջրի մակարդակն իջել է 10 սմ-ով, եւ սպասվում է մակարդակի հետագա անկում:

Քանդվել է հենապատը

Նույն օրը, ժամը 18.45-ին ստացված տեղեկության համաձայն` Երեւանի Նոր-Նորքի 9-րդ զանգված 7/1 հասցեում քանդվել է շինության հենապատը:
Դեպքի վայր է մեկնել Երեւանի փրկարարական վարչության Նոր-Նորք համայնքային բաժնի պետը:
Դեպքի վայրում պարզվել է, որ քանդվել  է նախկին մանկապարտեզի հենապատը` 25 մ երկարությամբ:
Վերականգնողական աշխատանքներն սկսվել են մայիսի 13-ի առավոտյան:
Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply