Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2010 10:36

Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, երեկ  տեղի  է ունեցել 28+1 ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները:

Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:

Արտգործնախարար Նալբանդյանը անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին:  Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրել է անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում ելույթ են ունեցել  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ինչպես նաեւ անդամ երկրների 14 ներկայացուցիչներ, որոնք բարձր գնահատեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են նաև  բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ՆԱՏՕ-ի  անդամ երկրների դեսպաններն իրենց  պետությունների անունից աջակցություն են հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին:

Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ, որի ժամանակ քննարկվել էր  Գործընկերություն հանուն խաղաղություն ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:

Նալբանդյանն ու Օհանյանը վերահաստատել են Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է  գնահատել Հայաստանի հետ համագործակցության մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը: Կլաուդիո Բիզոնյերոն նաեւ շնորհակալություն է  հայտնել  Հայաստանին` Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը արդյունավետ մասնակցության համար:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply