Մ. Հակոբյան. «ԼՂՀ ԶՈւ-ը բարձր մակարդակով կարողացել են պահպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2010 21:11

Մ. Հակոբյան. «ԼՂՀ ԶՈւ-ը բարձր մակարդակով կարողացել են պահպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակը հրադադարի հաստատման 16 տարիների ընթացքում բարձր մակարդակով կարողացել է պահպանել Ղարաբաղի ժողովրդի անվտանգրությունը, որը մեր ամենամեծ ձեռքբերումն է»,- նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր հրադարարի հաստատման 16-ամյակի կապակցությամբ առաջնագիծ մեկնած լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, այս ընթացքում ոչ մի լուրջ դեպք ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի չի ունեցել, բացի ադրբեջանական կողմից հրաձգային զենքի տեսակներով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի:

«ԼՂՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության մակարդակը բարձր է, ինչը հաստատում են թե’ պլանային, թե’ հանկարծակի ստուգումների արդյունքները»,- ասաց Մ. Հակոբյանը: Ըստ նրա, 2009 թվականի վերջից ԼՂՀ ԶՈՒ-ում մեծ աշխատանքներ են տարվում սահմանի առաջին գծի կատարելագործման ուղղությամբ, «ինչը հնարավորություն է տալիս ապահովագրելու առաջին գծում կանգնած զինվորի անվտանգությունը»: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Մ. Հակոբյանի տեղեկացմամբ, զգալի աշխատանքներ են տարվում նաեւ ԶՈՒ-ի ուսումնական բազան կատարելագործելու ուղղությամբ, լուրջ ուշադրություն է դարձվում սպառազինությանը:

Այս ընթացքում ԼՂՀ բանակը զգալի զինտեխնիկա է գնել, հատկապես հակաօդային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել ավելի ցածր թռչող ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Բացի այդ, համալրվում է նաեւ ԶՈՒ-ի ավտոպարկը, որն այնպիսին է, ինչպիսին ՌԴ-ի ԶՈՒ-ի ավոտեխնիկան: Մեծ աշխատանք է տարվում նաեւ բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ: Խոսելով Ադրբեջանի կողմից հրադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ, Մ. Հակոբյանը նշեց, որ դրանք հիմնականում կապված են լինում ԼՂՀ-ում տեղի ունեցող միջոցառումների հետ` օրինակ, մայիսի 9-ի, զորակոչի կազմակերպման ժամանակ:

Ըստ Մ. Հակոբյանի, սակայն, այդ կրակոցները դիպուկ չեն եւ ավելի շատ ադրբեջանական բանակի զինվորների վախի արդյունք են: Մ. Հակոբյանն անհնաժեշտ է համարում նաեւ, որպեսզի տեղեկատվական քարոզչության ուղղությամբ մեր լրագրողները եւս լուրջ աշխատանք կատարեն` ադրբեջանական աղբյուրներին որեւէ հղում չկատարելով: Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին` Մ. Հակոբյանը նշեց, որ ԼՂՀ պաշտպանական բանակը պատրաստ է դիմագրավելու հակառակորդին, իսկ պատերազմի դեպքում ԼՂՀ ԶՈՒ-ը վերջնականապես կլուծեն ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Ես` որպես մարդ, դեմ եմ պատերազմին, բայց որպես նախարար` շարունակելու եմ պատժիչ գործողություններ իրականացնել հակառակորդի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանն ինքը գիտակցի այդ գործողության բացասական երեւույթը եւ հրաժարվի դիպուկահարներին առաջին գծում պահելուց»,- ասաց Մ. Հակոբյանը: Անդրադառնալով ԶՈւ-ի համազգեստը փոխելուն` նա նշեց, որ դա արվել է հաշվի առնելով երկու հանգամանք: Առաջինը, որ նորն ավելի որակյալ է, որից օգտվում է նաեւ ամերիկյան բանակը, եւ երկրորդը, որ այն քողարկող հատկություն ունի: Մ. Հակոբյանի վստահեցմամբ, հայկական զինուժը համալրման խնդիր չունի, իսկ բանակը համալրվում է նաեւ պայմանագրայիններով:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply