ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի խորհրդարանի լեհ-հայկական պատգամավորական բարեկամական խմբի անդամներին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 12, 2010 20:20

Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի լեհհայկական պատգամավորական բարեկամական խմբի անդամներին սենատոր Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ:

Հովիկ Աբրահամյանը ցավակցություն հայտնեց օդային աղետից Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և լեհ բարձրաստիճան պաշտոնյաների ու խորհրդարանականների զոհվելու կապակցությամբ և հայ ժողովրդի ու ՀՀ Ազգային ժողովի անունից փոխանցեց եղբայրական զորակցությունը բարեկամ լեհ ժողովրդին:

Լուկաշ Աբգարովիչը շնորհակալություն հայտնեց այն վերաբերմունքի համար, որ հայ ժողովուրդը ցուցաբերեց ողբերության օրերին, նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահն այն եզակի բարձրաստիճան քաղաքական գործիչներից էր, ով , չնայած եղանակային ծանր պայմաններին, կարողացավ մասնակցել սգո արարողություններին:

Դրական գնահատելով Հայաստանի և Լեհաստանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա բոլոր նախադրյալները` թե° երկկողմ և թե° բազմակողմ ձևաչափերով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ հարաբերություններն ավելի զարանան: Նրա խոսքերով` երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գործում իր ուրույն տեղն ունի նաև միջխորհրդարանաական կապերի ընդլայնումը` երկու ժողովուրդների միջև հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Այս տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը բարձ գնահատեց լեհհայկական բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակության այցելությունը Երևան: Նա համոզմունք հայտնեց, որ կողմերը պետք է պահպանեն և խորացնեն միջխորհրդարանական շփումների տեմպերը:

Լեհաստանի խորհրդարանի լեհհայկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Լեհաստանի սենատոր Լուկաշ Աբգարովիչը տեղեկացրեց, որ իրենք կհրավիրեն Հայաստանի խորհրդարանի ՀայաստանԼեհաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին` այցելել Լեհաստան: Նա ցանկություն հայտնեց ավելի խորացնել ոչ միայն ԼեհաստանՀայաստան, այլև ԵվրամիությունՀայաստան կապերը: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց եվրոպական կառույցներում, ՄԱԿի համակարգում և այլ միջազգային ատյաններում Հայաստանի և Լեհաստանի մշտական ներկայացուցչությունների ու պաշտոնական պատվիրակությունների միջև համագործակցության սերտացման և արդյունավետության անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տնտեսական հարաբերություններին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ Լեհաստանում նախագահական ընտրություններից հետո հնարավոր կլինի անցկացնել հայլեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար համաժողով, ինչի շուրջ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ` վերջինիս հայաստանյան այցի ժամանակ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որպես խորհրդարանականներ, պետք է ձգտեն, որ կառավարությունների հարաբերություններն ավելի սերտանան: Լուկաշ Աբգարովիչը հայտնեց, որ իրենց այցի նպատակներից է նաև ուսումնասիրել հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Կարևորվեց նաև ՎարշավաԵրևան ուղիղ ավիաչվերթի բացման հարցը:

Անդրադարձ կատարվեց նաև հայթուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին: Ներկայացնելով Ցյուրիխում հայթուրքական արձանագրությունների ստորագրման և դրան հետևած գործընթացները` ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, Թուրքիան ի սկզբանե զանազան պատրվակներ ու պատճառներ բերելով, արձանագրությունները կապելով ԼՂ հակամարտության հետ, ձգձգելով դրանց վավերացումը, արգելակում էր հարաբերությունների կարգավորման գործընթացը : Նման նախապայմանների առաջադրումը անընդունելի է Հայաստանի համար: և մեր երկրի Նախագահը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Հայաստանը առայժմ դուրս չի գալիս գործընթացից, սպասում է, որ Թուրքիան կառուցողական մոտեցում ցուցաբերելու կամք դրսևորի :

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, Հովիկ Աբրահամյանը ասաց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանությունը պետք է երաշխավորված լինի : ԼՂ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և Հայաստանը չի դիտարկում որևէ այլ երկրի միջնորդություն :

Ըստ Լուկաշ Աբգարովիչի` Լեհաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը և հայթուրքական հարաբերությունների հաստատումը առանձին խնդիրներ են, և դրանք չպետք է կապել իրար հետ : Նա նշեց, որ Թուրքիան վերջիվերջո պետք է ճանաչի հայոց ցեղասպանության փաստը, միաժամանակ, բարձր գնահատելով Հայաստանի Նախագահի` հայթուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply