Մանկապիղծ ուսուցչի համար դատախազը պահանջում է ընդամենը 1,5 տարվա ազատազրկում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 12, 2010 17:32

Լևոն Ավագյանն ստորագրում է արագացված դատաքննության մասին միջնորդությունը

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսւոցիչ Լևոն Ավագյանի դատավարությունը: Ավագյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով. «Անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձանց  նկատմամբ՝ բռնության գործադրմամբ»:

Դատավարության սկզբում ամբաստանյալ  Ավագյանը միջնորդեց դատարանին իրականացնել արագացված կարգով դատավարություն: «Հաշվի առնելով, որ ընդունել եմ ինձ ներկայացված մեղադրանքը, խնդրում եմ կիրառել արագացված դատաքննություն»,- պատճառաբանեց իր միջնորդությունն Ավագյանը:

Արագացված դատաքննության  պարագայում չեն ուսումնասիրվում նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերը, չեն լսում վկաներին:

Չնայած դատախազ Կարեն Բադիկյանը նախնական մեղադրական եզրակացությունում դեմ էր արտահայտվել  արագացված դատավարությանը, սակայն դատավարության ժամանակ նա փոխեց իր կարծիքը և չառարկեց արագացված դատաքննությանը:

Տուժողների իրավապաշտպանը առարկեց դատարանի որոշմանը՝ նշելով, որ տուժողներն ունեն այնպիսի փաստեր և ինֆորմացիա, որը կարող է բերել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի խստացման: «Քննության ժամանակ քննիչի կողմից շատ հարցեր չեն հնչել,  և գործի համար կարևոր ինֆորմացիան ամբաստանյալի կատարած այլ հանցագործությունների մասին  այդպես էլ անհայտ է մնացել»:  Չնայած իրավապաշտպան Ավագ Լալայանի պնդմանը, որ արագացված դատավարության կիրառումը կխախտի տուժողների իրավունքները, դատարանը մերժեց միջնորդությունը:

Տուժողներից Հ. Ս.-ն ասաց, որ նախաքննության ժամանակ իրենք չեն հայտնել, որ Ավագյանը նաև ծեծել է դպրոցի աշակերտներին:

Դատախազ Բադիկյանն, ի պատասխան ասաց, որ նախաքննության ժամանակ տուժողները հնարավորություն են ունեցել հայտնելու իրենց ունեցած ինֆորմացիան և մանրամասն պատմել են ծեծի դեպքերի մասին՝ մասնավորապես կիրառված Ա. Ս.-ի նկատմամբ: Սակայն ոստիկանությունը չի կարողացել գտնել վերջինիս:  Ըստ դատախազի, սա մասնավոր մեղադրանք է և տուժողների հետ կապ չունի:

Արդեն արագացված դատաքննությունում դատավորն ու դատախազը ամբաստանյալի հանցանքը ծանրացնող փաստ համարեցին այն, որ վերջինս հանցագործություն է կատարել անօգնական վիճակում գտնվող անձանց նկատմամբ: Իսկ նրա պատիժը մեղմացնող հանգամանքներ համարեցին այն, որ վերջինս 30-ամյա մանկավարժական գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ գովասանագրեր, ինչպես նախկին աշխատավայրից,  այնպես էլ նրան ճանաչող այլ անձինք նրան դրական են բնութագրել,  նա նախկինում  նաև չի դատվել:

Դատախազ Բադիկյանը ներկայացրեց իր վերջնական խոսքը, որտեղ նա զարմանք հայտնեց, թե ինչպես մանկավարժը կարող է լինել այդքան դաժան. «Անհասկանալի է, թե ինչու են նրան տվել այդքան գովասանագրեր: Երևի իր դաժանության շնորհիվ է կարողացել այդքան ժամանակ գաղտնի պահել իր անառակաբարո գործողություններն աշակերտների նկատմամբ»:  Ապա դատախազը ներկայացրեց նախաքննության ընթացքում պարզված Ավագյանի դաժանություններից մի քանի օրինակ: Ըստ դատախազի՝ երբ դպրոցի նախկին աշակերտներից Մարիամ Գևորգյանը տեղեկացել է, թե ինչպես է վարվել Ավագյանը իր ընկերուհիների հետ, սպառնացել է, որ ամեն ինչ կպատմի տնօրենին: Ի պատասխան՝ Ավագյանը սպառնացել է աշակերտուհուն և նրան տեղափոխել գիշերամիզություն ունեցող  երեխաների սենյակ: Մարիամը չի դիմացել և փախել է դպրոցից:

Ապա Բադիկյանը ներկայացրեց, թե ողջ աշխարհում ինչ պատիժ է սահմանված մանկապղծության համար, օրինակ՝ Հարավային Կորեայում մինչ օրս էլ մանկապիղծներին մահպատժի են ենթարկում, իսկ եվրոպական  մի շարք երկրներում էլ նրանց ամորձատում են քիմիական եղանակներով:

Այս ամենը ներկայացնելուց հետո դատախազ Բադիկյանն առաջարկեց Ավագյանին մեղավոր ճանաչել  քր. օրենսգրքի 142 հոդվածի առաջին մասով՝ անառակաբարո գործողությունները 16 տարեկանից փոքր անձանց նկատմամբ և ազատզարկման դատապարտել 6 ամիս ժամկետով, ինչպես նաև մեղավոր ճանաչել նույն հոդվածի 2-րդ մասով՝ նույն գործողությունների կատարումը բռնության գործադրմամբ, և ազատազրկման դատապարտել 1 տարի ժամկետով: Ընդհանուր առմամբ՝ դատախազն առաջարկեց  տարիներ  շարունակ իր աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած ուսուցչին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման:

Տուժած կողմը միջնորդություն ներկայացրեց դատավարությունը հետաձգել մեկ շաբաթ ժամկետով, որպեսզի տուժողները պատրաստվեն վերջնական ելույթին: Դատավոր  Արտուշ Գաբրիելյանն ընդունեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև մայիսի 19-ը:

Դատավարության նախապատմությունը տես այստեղ

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply