Չկայացած բողոքի ակցիան Սահակաշվիլիին հասավ վրացական ԶԼՄ-ների միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 17:12

Հանրապետության հրապարակՀանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպը ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կապում ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու հանգամանքով: «Թուրքիայի նախագահ Գյուլի այցելության ժամանակ էլ ցուցարարների` ոստիկանության հետ հանդիպումը նախագահական նստավայրի առջև այնքան էլ հաճելի չանցավ, չնայած այն ժամանակ դեռևս կոալիցիայի մեջ էինք»,-հիշեցնում է Մանոյանը:

Երեկ «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցի առաջ, որտեղ հանգրվանել էր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ջավախահայերի շահերի պաշտպաններ, երիտասարդներ, ՀԿ ներկայացուցիչներ ծրագրել էին բողոք կազմակերպել` ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների և Վրաստանում հայկական կոթողների ու եկեղեցիների:

Հրապարակի տարածքը շրջափակած ոստիկանները, սակայն, ուժով հեռացրին ակցիայի մասնակիցներին. մի քանի տղաների շապիկներն անգամ քաշքշոցից պատռվեցին: Այնտեղ էր նաև ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ում նույնպես ուժով չթողեցին մուտք գործել հրապարակ. Մանոյանը բռնվել էր սյունից, որ դիմադրի ոստիկաններին:

Կիրո ՄանոյանՄանոյանը ոստիկանության գործողություններն անհրաժեշտից խիստ է համարում` կարծելով, որ իրավապահներին պարզապես հրահանգվել էր այնպես անել, որ Սահակաշվիլին ցուցարարներին չտեսնի: «Մենք առաջարկեցինք գոնե Ազգային պատկերասրահի մոտ հավաքվել, դա էլ մերժեցին, բայց այդտեղ նախագահի անվտանգությանը սպառնալիք չկար»,- ասաց Կիրո Մանոյանը:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով` «ոստիկանության ներկայացուցիչները պետք է ավելի զուսպ լինեն և փոխեն իրենց պահվածքը` բացառելով նման վարվելակերպն ու իրավիճակը` հատկապես խաղաղ ցույցերի դեպքում»:

Իսկ ՀՀԿ կուսակցության անդամ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ «երկիր ժամանած հյուրի նկատմամբ պետք է ավելի լավ վերաբերմունք ցուցաբերել»: «Սահակաշվիլին պետք է տեսներ, որ կան քաղաքական ուժեր, որոնք բողոքում են իր վարած քաղաքականության դեմ, սակայն ոչ այդ ճանապարհով»,-ասում է Մինասյանը:

Այդուհանդերձ, Մանոյանը կարծում է, որ մասնակիցների ձայնը հասավ Վրաստանի նախագահին` թեկուզ ԶԼՄ-ների միջոցով:

Նա ասում է, որ Հայաստանի հիմնական խնդիրը պիտի լինի վրացական քաղաքական էլիտային հասկացնել, որ Ջավախքը կապող օղակ է Հայատանի և Վրաստանի միջև: «Երեկ նախագահ Սահակաշվիլին ԵՊՀ-ում խոսել է Ջավախքում ՀԷԿ կառուցելու մասին, ինչը դրական քայլ է, սակայն դրա համար նրանք դրսից 3000 աշխատող պիտի բերեն. սա այն դեպքում, երբ Ջավախքում աշխատուժ կա»:

Մանոյանը կարծում է, որ այդ քայլով ևս Վրաստանը փորձում է փոխել Ջավախքի ժողովրդագրական պատկերը:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply