Դիվանագիտական դպրոց. շենք չկա, որ «Նժդեհաբանություն» ուսումնասիրեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 17:02

133Արդեն 1 տարի է` չի գործում Հայաստանի եզակի դիվանագիտական դպրոցը. դասերն անցկացնելու համար շենք չկա:

«Սիրանույշ Եղիազարյան» դպրոցի հիմնադիր-տնօրեն Սիրանույշ Եղիազարյանը պատմում է, որ դպրոցի գոյության ողջ ընթացքում շենքային խնդիր են ունեցել· «Շենքը վարձակալում էի, կապիտալ վերանորոգում, բայց կարճ ժամանակ անց տերերը պահանջում էին ազատել տարածքը: 6-7 շենք եմ վերանորոգել, դպրոցի համար պայմաններ ստեղծել ու հետո ստիպված դուրս եկել»,-պատմում է Եղիազարյանը, ով այժմ դիմել է Երևանի քաղաքապետարան` տարածքի հարցը լուծելու խնդրանքով:

Հանրակրթական ծրագրի առարկաներին զուգահեռ «Նժդեհաբանություն», «Տրամաբանություն», «Արևելյան մարզաձևեր», «Դիվանագիտություն», «Հռետորական արվեստ», «Հայ քաղաքական մտքի զարգացում», «Շախմատ» ու տարբեր լեզուներ դասավանդող դպրոցը հիմնադրվել է 2002-ին: Մանկապարտեզից, նախակրթարանից ու միջնակարգ դպրոցից բաղկացած ուսումնական այս հաստատության սաների թիվն անցյալ տարի հասել էր 27-ի: Դպրոցում ուսումնառության ամենամսյա վարձը 60-70 հազար դրամ է:

Սիրանույշ ԵղիազարյանԵղիազարյանը նշում է, որ իր միակ նպատակն է հայրենասեր և ազգային արժեքները գնահատող սերունդ դաստիարակել. «Հայերը չեն տիրապետում դիվանագիտության լեզվին, մեծամասամբ նախընտրում են հարցերը բռունցքով լուծել, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում դիվանագիտությունն է ամեն ինչ որոշում»:

Շախմատը, ըստ Եղիազարյանի, դիվանագիտական մտածողություն է զարգացնում, ուստի այդ առարկային շատ մեծ ուշադրություն են դարձնում: Երեխաներն այստեղ սովորում էին նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, իսկ բարձր դասարաններում` ընտրովի արաբերեն, թուրքերեն, իսպաներեն և այլ լեզուներ: Դասավանդվում էին նաև հայկական ազգային պարեր:

Ամենից շատ «Նժդեհաբանություն» առարկան սիրող 12-ամյա Մարիամ 224Մկրտչյանը դպրոցի գործունեության ողջ ընթացքում այնտեղ է սովորել և ասում է, որ սեպտեմբերին էլ, եթե դպրոցը վերաբացվի, կուզենա կրթությունն այնտեղ շարունակել:

Դպրոցի տնօրենը լիահույս է, որ շենքի հարցը կլուծվի, ու այլ դպրոցներում ուսումը շարունակող իր սաները սեպտեմբերից կվերադառնան «դիվանագիտական ուսումնական կյանքին»:

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply