Մաքսանենգության նոր դեպքերի բացահայտում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 12, 2010 13:47

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, “Ապավեն” մաքսային պահեստում, ներմուծված բեռի նախնական զննության ժամանակ քաշի անհամապատասխանություն են արձանագրել:
Մաքսավորները նկատել են, որ եթե Մեղրիի մաքսակետում ավտոմեքենայի բեռը կշռել է 32 տոննայից ավելի, ապա պահեստում քաշը էապես նվազել է` շուրջ 1,6 տոննայով:
Բեռը տեղափոխող ավտոմեքենայի վարորդը խոստովանել է, որ անհրաժեշտ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով, Արարատի Քաղցրաշեն գյուղի իր տանը դատարկել է բեռի մի մասը` առանց մաքսային ապահովման միջոցը` կապարակնիքը, վնասելու:
Մաքսավորները հայտնաբերել են նաև մեկ այլ դեպք, այս անգամ` “Նյու ֆիրմա” մաքսային պահեստում. զննության է ենթակվել ընկերություններից մեկի անունով բեռ ներմուծող` “Կամազ” մակնիշի ավտոմեքենայի բեռնարկղը: Նախաբացթողումային հսկողության վարչության մասնագետների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ, թեև կապարակնիքն առկա էր, սակայն այս դեպքում էլ վարորդը կարողացել է բեռնարկղը բացել` առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու: Հետևաբար այս դեպքն էլ է դիտարկվել որպես մաքսային կանոնների խախտում:
Վերը նշված դեպքերով կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն: Կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ դեպքում էլ մաքսավորների տեսադաշտում հայտնվել է Իրանի քաղաքացի` Իմանի Մոհամմադ Հուսեինը: Մեղրիի մաքսակետում վերջինս ենթարկվել է զննության. արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր. կատարված փորձագիտական եզրակացության արդյունքում պարզ է դարձել, որ հայտնաբերվածը ափիոն և մետամֆիտամին տեսակի թմրանյութեր են, որոնք Իրանի քաղաքացին փորձել է տեղափոխել` թաքցնելով իր այցեքարտի մեջ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի և 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply