ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 11, 2010 21:52

Հովհաննես Թումանյանի թանգարանում այսօր բացվեց նկարիչ-դիզայներ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մարինա Նիկոլյանի` հայելիների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Մարինա Նիկոլյանի ձեռքով պատրաստած 30 հայելիները և մի քանի պաննոներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, բարձրաստիճան այրեր, մշակութային գործիչներ, հայկական էստրադայի ներկայացուցիչներ, այլք:

«Իրականում ես անընդհատ նորություններ եմ փնտրում, որի արդյունքում էլ անընդհատ փոխում եմ իմ աշխատանքների ոճը և ձևը: Չեմ սիրում կրկնել նույնը»,- ասաց Մարինա Նիկոլյանը: Նրա խոսքով` հայելիների շրջանակի վրա կարելի է նկարել, ստեղծագործել: «Հայելու դերը ինչ-որ մարդու համար չափազանց մեծ է, մյուսի մոտ ոչ այդքան, բայց չեմ կարծում հայելիների նկատմամբ անտարբեր մարդ լինի»,-ասաց Մ. Նիկոլյանը` ավելացնելով, որ աշխատելու ընթացքում ինքն իր հոգին է ներդրել դրանց մեջ, որպեսզի երբ մարդը տրամադրություն չունենա, նայի հայելու փայլին և տրամադրությունը բարձրանա: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ աշխատանքների մոդեռն ոճը հիացրել է իրեն:

«Ես հեղինակի հետ հանդիպել եմ տարիներ առաջ և հիմա նկատում եմ, որ աշխատանքների որակը ոչ թե կրկնապատկվել, այլ տասնապատկվել է»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: Նրա խոսքով`հայելին մարդու կյանքում արտացոլում է ամեն ինչ: «Եթե հայելուն նայենք` որպես կենցաղային առարկայի, գուցե տպավորությունը խաբուսիկ լինի: Հայելին միայն հարդարվելու համար չէ»,- փաստեց Գագիկ Բեգլարյանը: ՀՀ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի խոսքով` իրեն ամենից շատ գրավում է հոգու թրթիռը, բերած նորույթը: «Գրավում է նրբագեղությունը, քանի որ հայելին սոսկ կենցաղային իմաստ չունի:

Իրականում այն հետադարձ հայացք է, մարդկային ճակատագրի շարունակությունն է»,- ասաց Մխիթար Մնացականյանը` նշելով, որ հայելու միջոցով ամփոփվում է մարդու ողջ էությունը: Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով` հայելիները բացառիկ են և զարմանալի է այն փաստը, որ նուրբ կինը կարողանում է աշխատել նաև շրջանակի համար օգտագործվող փայտի հետ և այդքան նրբություն դնել մասշտաբային գործի մեջ:

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply