Հայաստանում 2011թ-ի մարդահամարի նախապատրաստման լուրջ աշխատանքներ են տարվում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 11, 2010 21:34

Հայաստանում 2011թ-ի հոկտեմբերի 12-21-ը կանցկացվի ազգային երկրորդ մարդահամարը: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, մարդահամարի անցկացման ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է մարդահամարի նախապատրաստմանը և անցկացմանը օժանդակող համապետական հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Կ.Կույումջյանի խոսքով, ՀՀ կառավարության որոշմամբ` նախ կանցկացվի փորձնական մարդահամար` 2010թ-ի հոկտեմբերի 21-30-ը` Սևանում և Տավուշի մարզի 4 գյուղական համայնքներում` Աչաջուր, Գանձաքար, Խաշթառակ և Գեղահովիտ, որոնք միասին ներառում են Հայաստանի բնակչության 1 տոկոսը:

«Փորձնական մարդահամարի իմաստն այն է, որ մենք փորձարկենք բուն մարդահամարի յուրաքանչյուր գործընթացը` հարցաշարի մշակումից, մեթոդաբանությունից մինչև կազմակերպական դրույթներ»,- ընդգծեց Կ. Կույումջյանը: Փորձնական մարդահամարի արդյունքները կամփոփվեն 2011թ-ի հունվար-փետրվարին: ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետի խոսքով, Ազգային վիճակագրական ծառայության կողմից արդեն մշակվել են մարդահամարի անցկացման ցուցանիշները, հարցաշարը և ուղարկվել շահագրգիռ կազմակերպություններին, որոնք ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Նա նշեց, որ այս մարդահամարի հարցաշարը նորություններ է պարունակում` հարցեր, օրինակ, գյուղատնտեսությամբ զբաղվելու, կրոնական դավանանքի վերաբերյալ: «Դրանով մենք ուզում ենք տեղեկություն ունենալ, թե տվյալ տնային տնտեսությունը գյուղատնտեսությամբ զբաղվում է, թե ոչ, ինչպիսի անասնագլխաքանակ ունի»,- ասաց Կ.Կույումջյանը:

Նրա խոսքով, մարդահամարի անցկացմանն աջակցող համապետական հանձնաժողովի անդրանիկ նիստում մարդահամարի անցկացման 2009-2013թ-ի նախահաշիվը սահմանվել է 2,5 մլրդ ՀՀ դրամ, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միայն դրա 21 տոկոսը կարող է ապահովել պետական բյուջեն: Համապատասխան դիմումներ են ներկայացվել դոնոր կազմակերպություններին` աջակցության նպատակով:

Աջակցության պատրաստակամություն են հայտնել Հնդկաստանի, Նորվեգիայի, Իտալիայի կառավարությունները, Համաշխարհային բանկը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, սակայն դեռ որևէ կառույցից հստակ պատասխան չկա. աշխատանքները քննարկման փուլում են: Ակնկալվում է, որ դոնոր կազմակերպությունների որոշումներում հստակություն կլինի մայիսի վերջին: Կ. Կույումջյանի խոսքով, բուն մարդահամարի աշխատանքներում կներգրավվի 16 000 մարդ: Ընտրվելու են փորձառու, մարդկանց հետ շփվելու փորձառություն ունեցող անձինք: Բուն մարդահամարի արդյունքները կամփոփվեն 2013թ-ի վերջին:

Մարդահամարի ճշգրտության հաստատման նպատակով 2012 թ-ին կանցկացվի հետմարդահամարային անկախ հետազոտություն: Նշենք, որ Հայաստանում մարդահամարն անցկացվում է ըստ ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թ-ին ընդունված օրենքի, որով Հայաստանում մարդահամար պետք է անցկացվի յուրաքանչյուր 10 տարին մեկ: Առաջինն անցկացվել է 2001թ-ին:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply