Թունավորում, սողանք, ավտոպատահար և հրդեհ մեկ օրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2010 10:52
Թունավորում` մահվան ելքով
Մայիսի 10-ին Ալավերդու հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում նույն քաղաքի Շահումյան 10/22 հասցեում գտնվող իրենց բնակարանում շմոլ գազից թունավորվել եւ տեղում մահացել են` 1968 թ. ծնված Կամո Խեչիկյանը եւ 1970 թ. ծնված Արմինե Դավիդավյանը:
Այրվել է էլ. վահանակ
Մայիսի 10-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շիրակի փողոցում` թիվ 115 դպրոցի տարածքում:
Ժամը 10.37-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դպրոցի 1-ին հարկում գտնվող տնտեսական սենյակում Էլեկտրական լարերի կարճ միացման հետեւանքով այրվել են էլ. վահանակը և տնտեսական իրեր` 9 քմ մակերեսով:
Սողանքներ Լոռու մարզում
Լոռու մարզի Անտառամուտի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 9-ին հորդառատ անձրեւի հետեւանքով տեղի է ունեցել սողանք. փակվել է Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 18.00-ի դրությամբ` գյուղապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է:
***
Նույն մարզից ստացված տեղեկության համաձայն` հորդառատ անձրեւների հետեւանքով պարբերաբար քարաթափումներ են տեղի ունենում Շահումյան գյուղում, իսկ մայիսի 9-ին «Սև աղբյուր» հանդամասում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով փակվել է հանդամաս տանող ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Գյուղապետարանի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ ճանապարհը մաքրելու և երթեւեկությունը վերականգնելու ուղղությամբ:
Ավտոպատահար
Մայիսի 11-ին, ժամը 00.25-ին Երեւանի Նոր Նորքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ թիվ 134 դպրոցին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 00.28-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2110» մակնիշի 21 ՏՕ 411 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, վարորդ, 1985 թ. ծնված Հայկ Չաքմիշյանը եւ ուղեւոր, 1981 թ. ծնված Լիաննա Առուստամյանը, դուրս են բերվել ավտոմեքենայից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղեկացվել է էլ.ցանցի հերթապահը:
Դիտվել է 1271 անգամ: