Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը և Հայաստանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 11, 2010 10:10

Հայ-թուրքական հարաբերությունների քննադատներն ասում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման չպետք է գնալ, պետք է հեռու մնալ այդ երկրից, այն հզոր ու հսկա երկիր է, կխաբի ու ի վերջո կկործանի Հայաստանը: Իսկ ԱՄՆ-ի գերիշխանությամբ տարված փորձագետներն ասում են, թե ԱՄՆ-ն այնքան հզոր է, որ կարող է պատերազմ հայտարարել Իրանի դեմ ու առանց լուրջ դժվարության ոչնչացնել նրա ուրանի հարստացման կառույցները:

Այսպիսի տեսակետներ ծնվում են սոցիալականացման ցածր մակարդակ ունեցող միջավայրերում, հաճախ նաև սեփական երկրի  հարցում ընկրկող կամ ապատիա ապրող մարդկանց ուղեղներում: Ապատիան կամ անվստահությունը ծնում է վտանգավոր ալտրուիզմ և հաճախ  հանգեցնում սեփական երկրի ճակատագիրը այլոց շահերով սահմանելու աղճատված վարքագծի:

Անշուշտ, աշխարհում երկրները տարբերվում են իրենց հզորությամբ, բնական ռեսուրսներ ունենալ-չունենալու հանգամանքով, զինված ուժերի որակով կամ բնակչության թվաքանակով: Սակայն այս տարբերակման դեպքում ավելի փոքր պետությունների համար պարտադիր պայման չէ այս կամ այն զիջման գնալ կամ չհամարձակվել ընդդիմանալ ավելի հզորին:

Համաշխարհային քաղաքականության համակարգում յուրաքանչյուր պետություն բանական դերակատար է (rational actor) և առանձին միավոր. Հայաստանն ավելի թույլ չէ Թուրքիայից, որովհետև Թուրքիան բնակչությամբ կամ զինված ուժերով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, կամ ԱՄՆ-ն ավելի ուժեղ չէ Իրանից, որովհետև ավելի հարուստ ու զարգացած պետություն է: Այլ կերպ ասած, չի գործում A<T  կամ U>I բանաձևը, այլ A=T=U=I=…

Իհարկե, A-ն տարբերվում է T-ից իր պետական կառուցվածքով, կրոնով, նույնն էլ` I-ն ու U-ն, բայց իրական համաշխարհային քաղաքականության մեջ բոլորը հավասարապես միարժեք միավորներ են:

Այս պարագայում, առավել քան երբևէ, «գեոպոլիտիկա»  (աշխարհաքաղաքականություն) գիտությունը կորցնում է իր նշանակությունը, քանի որ պետությունների հզորությունը չափում է նրանց ունեցած աշխարհագրական դիրքով: Այլ կերպ ասած, XXI դարում գեոպոլիտիկան համարվում է կեղծ գիտություն:

Խնդիրն, այնուամենայնիվ, չենք կապում այն թեզի հետ, որ փոքր ու դեպի ծով ելք չունեցող երկիրը, որն ունի միջուկային զենք, հզոր է XXI դարում: Իհարկե, դա այդպես է: Բայց համաշխարհային քաղաքանության մեջ պետության դերակատարության համար թերևս գործում են շատ ավելի չոր ու մաթեմատիկական բանաձևեր. այլ կերպ ասած, կարող ես տարածքով փոքր երկիր լինել, չունենալ ո՛չ ելք դեպի ծով, ո՛չ էլ միջուկային զենք, բայց ունենաս պրագմատիկ ձգտումներ ու ռացիոնալ հաշվարկներով վարես արտաքին քաղաքականությունդ:

Եվ սա ամենևին չի ենթադրում բավարարվել սեփական տարածքով ու համաշխարհային դաշտում ունեցածդ պրագմատիկ դերակատարությամբ, ընդհակառակը և բնականաբար, պրագմատիզմն ու ռացիոնալիզմը ենթադրում են հզորության ավելացում, ինչն անխուսափելիորեն կարող է հանգեցնել կա՛մ տարածքի աճի, կա՛մ հզորության այլ բաղադրիչի ավելացման:

Սեփական շահը (Self-interest), ինքնօգնությունը (self-help) և գոյապայքարը (survival) պետք է հաստատապես սահմանվեն որպես Հայաստանի` իբրև ռացիոնալ դերակատարի գործառության հիմնարար սկզբունքներ:

Համաշխարհային քաղաքական դաշտը պետք է  նախ և առաջ սահմանվի որպես սեփական շահերը սեփական միջոցներով իրականացնելու և գոյաբանության դաշտ:

Թեև գործում են համաշխարհային գործընկերություններ, մի շարք պետություններ համախմբված պայքարում են միջազգային ահաբեկչության կամ գլոբալ տաքացման դեմ, բայց համաշխարհային քաղաքականությունը մնում է պայքարի դաշտ հզորության համար:

Այլ կերպ ասած`

– համաշխարհային քաղաքական համակարգը անարխիկ է,

– պետությունները, բնականաբար, տիրապետում են ռազմական ներուժի,

– պետությունը երբեք վստահ չի կարող լինել, որ մյուս պետությունը չի հարձակվի իր վրա,

– պետություններն ուղղորդող գլխավոր ու հիմնարար դրդապատճառը գոյապայքարն է,

– պետությունը ռացիոնալ դերակատար է, որը ռազմավարաբար է «մտածում»:

Հայեցակարգը հետևյալն է. պետությունները վախ ունեն միմյանց նկատմամբ, յուրաքանչյուր պետություն նպատակադրված է ապահովել ու երաշխավորել սեփական գոյությունն ու դրանով հանդերձ, ձգտում է  առավելագույնի հասցնել սեփական հզորությունը:

Այս սկզբունքները նաև պետք է որոշակիացնեն Հայաստանի ներկայիս վարքագիծը համաշխարհային քաղաքական համակարգում:

Հայաստանը առաջին հերթին ինքը պետք է մտածի սեփական անվտանգության ու գոյության մասին: Հետևաբար, պետք է շարունակաբար ավելացնի հզորության ներուժը` ձգտելով առավելագույնի, որը հարաբերական է` կախված մրցակցող հարևան երկրների զարգացման դինամիկայից:

Այս սկզբունքն անուղղակիորեն գերակա է դառնում, քանի որ անվտանգության խնդիրը հանգեցնում է զրոյական գումարով խաղի, և ստեղծվում է, այսպես ասած, անվտանգության երկընտրանք, երբ մի երկրի լրացուցիչ հզորության ձեռքբերումը դառնում է մյուսի ոչ անվտանգ դառնալու պատճառ, և վերջինս, բնականաբար, ձգտում է ավելացնել սեփական հզորությունը:

Ուրեմն, հզորության համար պայքարի դինամիկան միշտ գործում է և այն անխուսափելի է: Հայաստանի տարածաշրջանային ռազմավարության համատեքստում այդ պայքարը շատ ավելի կանխատեսելի է կամ ստուգելի:

Համաշխարհային անարխիկ համակարգում Հայաստանի վարքագծի հիմնարար շարժառիթը «գոյապայքարն» է, և որպեսզի «գոյատևի», անհրաժեշտ է անընդհատ հզորություն կուտակել կա՛մ իրական հզորության ձևով (ռազմական հզորություն), կա՛մ պոտենցիալ հզորության ձևով (այնպիսին, որն ապահովում է ռազմական հզորությունը, օրինակ` տնտեսական կամ մարդկային հզորությունը):

Անշուշտ, պետությունների հզորության կուտակումը հանգեցնում է առավել, միջին և թույլ հզորությամբ պետությունների դասերի: Բայց հզորության համար պայքարի վերը նշված դինամիկայի կամ ակտիվ մրցակցության հետևանքով հզորության այս դասերը փոխում են իրենց տեղերը, երբեմն էլ հայտնվում  սահմանային (marginal) մակարդակում:

XVIII դարի վերջին Ֆրանսիայի ռազմական հզորությունն ամենամեծն էր Եվրոպայում, որը նրան հնարավորություն տվեց տասնամյակներ շարունակ իշխելու Եվրոպա մայրցամաքի վրա: Բայց 1814 թ. Ֆրանսիայի պարտությունից հետո Վիեննայի կոնգրեսով Ֆրանսիայի միահեծան համակարգը փոխվեց բազմաբևեռի` գերտերություն դարձնելով Միացյալ թագավորությունը, Ավստրիան, Պրուսիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հիմնարար հզորության դիրքի փոփոխություններ տեղի ունեցան նաև առաջին ու երկրորդ աշխարհամարտերից հետո:

Համաշխարհային քաղաքականության համակարգը, սակայն, բացի հզորության համար պայքարից, ներառում է նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են ուժերի հավասարակշռությունը, միջազգային իրավունքը և դիվանագիտությունը, որոնց նպատակն է պահպանել պետությունների միջև ստատուս-քվոն, ապահովել համագործակցություն և  ինչ-որ չափով  նվազեցնել համաշխարհային կարգի անարխիկությունը:

Բայց այս գործիքները, ինչպես գիտենք, միշտ չէ, որ արդյունավետ են, իսկ նրանց նպատակների իրականացման հնարավորությունները հաճախ բախվում են համաշխարհային քաղաքականության մեջ գործող մեկ այլ բաղադրիչի` պատերազմի, և այս դեպքում պետության համար կրկին կարևորվում են սեփական շահի, ինքնօգնության ու գոյապայքարի սկզբունքները:

շարունակելի

Դիտվել է 3818 անգամ:
Print Friendly

Leave a Reply