Եռօրյա գիտաժողով` նվիրված գիտության զարգացման հիմնահարցերին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 10, 2010 15:47

Ջերմուկում ավարտվեց «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն էր գիտական հանրությանը ներկայացնել Գիտության պետական կոմիտեի երկամյա աշխատանքները և դրանցից ակնկալվող արդյունքները, ներկայացնել հետագա ծրագրերը, գիտության առջև ծառացած հիմնախնդիրները, ինչպես նաև գիտական հանրության և գիտաշխատողների հետ քննարկել առկա մտահոգությունները և համագործակցության ձևերը: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի առաջին օրը ներկայացվեց «Գիտության  ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի մասին» զեկույցը, որի համատեքստում Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանն անդրադարձավ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային /թեմատիկ/ և նպատակային-ծրագրային ֆինանսավորմանը, գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորմանը, ինչպես նաև գիտական ծրագրերի և թեմաների հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի կազմակերպման կարգերի նախագծերին: Նա նշեց, որ նախանշված կարգերի ընդունման նպատակը ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերի կատարելագործումն է, որը կնպաստի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ, կհստակեցվեն պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերը, դրանց հատկացման չափանիշները և մեխանիզմները` ապահովելով համապատաuխան չափորոշիչներով միջոցների հաuցեագրված հատկացումը ու դրանց օգտագործման պատաuխանատվության բարձրացումը: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի արդյունավետ վերահսկողություն իրականացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացված ֆինանuական միջոցների օգտագործման նկատմամբ: Միաժամանակ, Կ. Հայրապետյանն ընդգծեց, որ ֆինանսավորման նոր կարգերի ընդունումը թույլ կտա ներդնել գիտական ծրագրերի և թեմաների ֆինանuավորման այնպիuի մեխանիզմներ, որով կբացառվի պետության կողմից հատկացվող  միջոցների փոշիացումը: Նա շեշտեց, որ, պահպանելով ֆինանuավորման բազմաձևությունը, այն պետք է իրականացվի բացառապեu մրցութային կարգով, ծրագրային հիմնավորման uկզբունքով և հաuցեագրված: Իր զեկույցում Կ. Հայրապետյանը կարևորեց գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ստեղծումը և ներդրումը, ինչպես նաև միջազգային   մակարդակին համապատասխան գիտական փորձաքննության չափանիշների ու չափորոշիչների սահմանումը և կիրառումը: Այդպիսի համակարգի ներդրումը հնարավորություն կտա գիտական ծրագրերի (թեմաների) ընտրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով, ֆինանսավորել և իրագործել այն գիտական ծրագրերը և թեմաները, որոնք միտված են միջազգային մակարդակին համապատասխան արդյունքների ձեռքբերմանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը նախ անդրադարձավ կոմիտեի երկամյա գործունեությանը` նշելով, որ նորաստեղծ կոմիտեն իրականացրել է գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներից բխող բազմաթիվ միջոցառումներ. անցկացվել է գիտական հիմնարկների անձնագրավորում, ներդրվել է անկախ փորձագիտական համակարգ, մշակվել են ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև ֆինանսավորվել են գիտաժողովներ, կազմակերպվել գիտական և գիտատեխնիկական ծրագրերի մրցույթներ: Նա նշեց, որ  առանձնակի ուշադրություն է դարձվել գիտության երիտասարդացմանն ուղղված միջոցառումներին. այդ համատեքստում կազմակերպվել են երիտասարդական դպրոցներ, CRDF-ի հետ համատեղ երիտասարդ գիտնականների համար իրականացված մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 24 երիտասարդական գիտական ծրագիր, ներդրվել են միջազգային համագործակցության նոր հիմքեր:

Ս. Հարությունյանը հանդես եկավ «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության մասին» զեկույցով` նշելով, որ ռազմավարությունը մոտ ապագայում կներկայացվի կառավարության հաստատմանը, և գիտաժողովի հիմնական նպատակներից մեկը նաև ռազմավարության շուրջ թափանցիկ և շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որոնց արդյունքում միգուցե ձևավորվեն նոր մոտեցումներ: Բանախոսը շեշտեց, որ ռազմավարությունը, որը գիտության ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների և ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջությունն է, ամրագրում է 2011-2020 թվականներին գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: Ըստ Ս. Հարությունյանի` ռազմավարությունը հիմք կհանդիսանա ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրերի մշակման համար, որոնք կապահովեն գիտության ոլորտի դինամիկ և նպատակաուղղված զարգացումը և կիրականացվեն ՀՀ կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և Սփյուռքի ջանքերի զուգակցմամբ: Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակը 2010-2020 թվականներին Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի առաջընթաց և դինամիկ զարգացումն ապահովելն է: Իր զեկույցում Ս. Հարությունյանը նախ անդրադարձավ ներկա վիճակին և առկա հիմնախնդիրներին, մասնավորապես, ներկայումս ՀՀ-ում գիտական, գիտակրթական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվում է ավելի քան 100 կազմակերպություն, որոնք ներկայացնում են Գիտությունների ազգային ակադեմիան և 10-ից ավելի գերատեսչություններ: Հանրապետության գիտական և գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվում է շուրջ 17 հազար  մարդ: Պետական բյուջեից ֆինանuավորվող գիտական ծրագրերի և թեմաների իրականացման գործում ներգրավված են շուրջ 7.5 հազար գիտնականներ և գիտական աշխատողներ, որոնցից 3075-ը ունի գիտական աստիճան: 2009 թվականի պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով հատկացումները 2001 թվականի համեմատությամբ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2008-2009 թվականներին միջազգային դրամաշնորհներով իրականցվել է ավելի քան 50 գիտական ծրագիր, որոնց  ֆինանսավորման   ընդհանուր  ծավալները կազմել  են տարեկան շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգը: Բացի այդ, ստեղծվել են ավելի քան 30 ոչ պետական գիտական կազմակերպություններ,  գիտական հիմնադրամներ և հասարակական կազմակերպություններ, որոնցից 17-ը պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացրել են գիտական ծրագրեր: Գիտության ոլորտի երիտասարդացման քաղաքականության շրջանակում 2008-2009 թվականներին կազմակերպվել է 4 երիտասարդական ամառային դպրոց, որին մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ գիտնական և ասպիրանտ: 2008-2009 թվականներին ստեղծվել է անկախ գիտական փորձաքննության համակարգը, որում ընգրկվել է շուրջ 1200 գիտնական հանրապետությունից և օտարերկրյա պետություններից: Ս. Հարությունյանը նշեց, որ 2008 թվականից առանձնակի ուշադրություն է դարձվել հայագիտությանը: 2008-2009 թվականներին հայագիտական հետազոտական ծրագրերն ավելացել են երեքով, այդ թվում՝  մեկ պետական նպատակային ծրագիր: Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ գիտության ոլորտում առկա են նաև բազմաթիվ հիմնախնդիրներ, մասնավորապես, խզված է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-ինովացիոն գործունեություն կապը, առկա նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը, բացակայում է ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական համակարգը` ներառյալ էլեկտրոնային գրադարանների ցանցը, գիտահրատարակչական գործունեությունը չի բավարարում միջազգային չափանիշներին, ինչպես նաև շարունակվում է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը գիտության ոլորտից: Առկա վիճակը և հիմնախնդիրները ներկայացնելուց հետո Ս. Հարությունյանը մատնանշեց այն հիմնական առաքելությունները, որոնք ամրագրված են ռազմավարությունում, այն է` ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ,  ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ, և իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն, ինչպես նաև ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը և այլն: Ամփոփելով զեկույցը` Ս. Հարությունյանը նշեց, որ իրականում ռազմավարության իրականացումը հնարավորություն կընձեռի հնարավորինս սահուն ընդգրկվել համաեվրոպական գիտատեխնիկական, գիտակրթական և տնտեսական տարածք, կնպաստի  միջազգային շուկայում հայրենական տնտեսության ուրույն տեղի ձեռքբերմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը և Հայաստանի Հանրապետությունում  գիտելիքի  վրա  հիմնված  տնտեսության ստեղծմանը: Զեկույցից հետո գիտաժողովի մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին բանախոսին և ներկայացրին ռազմավարության իրականացման իրենց տեսլականը:

Գիտաժողովի ավարտին կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում քննարկվեցին գիտական խորհուրդներին, հրապարակային պաշտպանություններին, գիտական ամսագրերին, ինչպես նաև երկաստիճան համակարգին և ԲՈՀ-ի գործունեությանը վերաբերող խնդիրներ:

Դիտվել է 2482 անգամ:
Print Friendly

Leave a Reply