SOS Տերյան 23. օտարման գոտում հայտնված շենքի բնակիչները չեն կարողանում վաճառել կամ վարձով տալ բնակարանները

Օրվա լուր | | June 26, 2009 14:44

sosԵրևանի Տերյան 23 շենքի բնակիչներն արդեն 7-րդ տարին է` ապրում են` չիմանալով հաջորդ օրը տուն կունենան, թե դրսում կհայտնվեն. 2002թ-ից Կառավարության 1150-Ն որոշմամբ` շենքը հայտնվել է օտարման գոտում, սակայն ոչ մի քայլ դեռևս չի արվել:

Շենքի բնակիչ Վարդան Գերավետյանն ասում է, որ բնակիչները ոչ կարողանում են բնակարանները վաճառել, ոչ վարձով տալ. «Ուզում ենք` վերջապես իմանանք` ինչ են անելու մեր շենքի հետ: Կամ թող գնահատեն Կենտրոնին համարժեք գներով, մենք էլ դուրս գանք, կամ էլ երեսպատեն, ամրացնեն,որ տարածքին համապատասխան լինի ու քանդելու կարիք չլինի. ի վերջո, էս շենքը ոչ վթարային էլ չի»:

Շենքի քանդման ու նորի կառուցման պատասխանատուն «Local Developers» ՍՊԸ-ն է (պատկանում է «Հ2» հեռուստաընկերության տնօրենՍամվել Մայրապետյանին, ով նաև «Toyota» ընկերության տնօրենն է, իսկ կինը` Գոհար Քյալյանը, Բժշկական Համալսարանի ռեկտորն է)։

Բնակիչների խոսքով` այս կազմակերպությունն իրենց պայամանագրեր է առաջարկել, որով շենքում 1 քմ-ը գնահատել են 1100-1300 դոլար, մինչդեռ դիմացի նորակառույցներում 1քմ համար 2500-3000 դոլար են ուզում։ «Միայն մի երկու ընտանիք կնքեց պայամանագրերը, դրանից հետո կազմակերպությունից ոչ ոք չի գալիս»,-պատմում է բնակիչը։

Արդեն 50 տարի նույն շենքում բնակվող Աստղիկ Մելիքյանն ասում է, որ առաջարկած գումարով նույնիսկ մասիվներում չեն կարողանա կարգին տուն գնել:

Բնակիչների խոսքով` «իրենց բերանը փակելու համար հայտարարեցին, որ Պուշկին 28 հասցեում շենք պիտի կառուցվի մեր համար, բայց շենքի նախագծի փոխարեն մի ճղված թղթի վրա ինչ-որ նկարանման բան ցույց տվեցին»:

Բնակիչները բազմաթիվ նամակներ են հղել համապատասխան կառույցներին:

Քաղաքապետարանին 200 հոգու ստորագրությամբ ուղարկած նամակի պատասխանը եղել է կողքի շենքի` Տերյան 19-ի հղած նամակի պատասխանը:

Քաղաքաշինության նախարարությանն ուղղած նամակին ի պատասխան` նույն նախարարության քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր տեսուչ Սևադա Հայրապետյանը գրել է, որ «շենքը, տարածքում նախատեսվող շինարարական աշխատանքների հետ կապված, օտարման ենթակա չէ»:

Միաժամանակ տեսչությունից նշում են, որ «շենքի օտարման որոշումը կառավարությանն է, ու մենք ոչինչ անել չեն կարող»:

Պատասխաններից խճճված բնակիչներն իրենց բողոքի ձայնն արտահայտում են պատշգամբներից կախված պաստառներով` «SOS. գերակա շահի անժամկետ պատանդներ»:

Լիլիթ Մխիթարյան

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply