Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ վերաբերմունքը կպարզեն սոցհարցումների միջոցով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2009 13:29

droshՀայաստանի և Թուրքիայի հասարակության փոխադարձ վերաբերմունքը պարզելու նպատակով ընթացիկ տարվա աշնանը երկու երկրներում կանցկացվի սոցիոլոգիական հարցում:

Հայաստանում հարցումը կանցկացնի «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա»-ն, իսկ Թուրքիայում` «Տեսև» սոցիոլոգիական կազմակերպությունը, որտեղ աշխատանքները համակարգելու է պրոֆեսոր Ֆերհաթ Քենթելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա»-ի նախագահ Գևորգ Պողոսյանը, հարցաշարում ընդգրկված է շուրջ 80 հարց քաղաքականության, տնտեսության, մշակույթի, պատմության վերաբերյալ: Հարցեր կլինեն նաև սահմանի բացման, Ցեղասպանության ընկալման, երկու երկրների համագործակցության, ընդհանուր բիզնես ունենալու մասին:

Ասոցիացիան թուրքական նշված կազմակերպության հետ համատեղ նման սոցիոլոգիական հարցում անցկացրել է նաև 2005թ-ին: Այդ ժամանակ հարցման մասնակիցների մեծ մասը նշել էր, որ երկու երկրների հարաբերություններում զարգացումներ, բարելավումներ ապագայում չեն սպասվում, սակայն վերջին շրջանում նկատվում են փոփոխություններ:

«Երկու երկրների իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորումը, միմյանց նկատմամբ վերաբերմունքն այլ հարթություն է, իսկ հասարակությունների միջև` այլ: Այնպես որ, դժվար է կանխատաեսել, թե ինչպիսին կլինի հասարակության վերաբերմունքը»,-ասել է Պողոսյանը:

Երկու երկրներում հարցումն անցկացվելու է միաժամանակ, իսկ արդյունքները կամփոփվեն տարվա վերջին:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply